Go to full page →

Գլուխ 6 - Ջրհեղեղք ԱՄՋ 55

Ծննդոց 6 և 7

Նոյի օրերում Ադամի օրինազանցության և Կայենի գործած սպանության հետևանքով կրկնակի անեծք էր ընկած երկրի վրա: Սակայն դրանից բնությունն այնքան էլ շատ չէր փոխվել: Ակնհայտ էին քայքայման նշանները, բայց երկիրն առաջվա պես հարուստ էր և գեղեցիկ Աստծո նախախնամության պարգևներով: Բլուրները պսակված էին վեհաշուք ծառերով, որոնց ճյուղերին փաթաթված էին պտուղների ծանրությունից կքված խաղողի ողկույզները: Լայնատարած պարտեզանման հարթավայրերը զմրուխտ կանաչ էին հագած, օդը լցված էր հազարավոր ծաղիկների անուշահոտությամբ: Երկիրը շռայլորեն բազմատեսակ պտուղներ էր ընծայում: Ծառերն իրենց չափով, գեղեցկությամբ ու կատարյալ համաչափությամբ անհամեմատ ավելի գերազանց էին բոլոր նրանցից, որ կարող են գտնվել հիմա: Բարակ մանրաթելերից կազմված և ամրությամբ քար հիշեցնող դրանց փայտանյութն աչքի էր ընկնում դիմացկունությամբ: Ամենուրեք կարելի էր առատորեն ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր տեսնել: Մարդկային ցեղն էլ դեռ պահպանել էր իր նախկին ուժն ու կորովը: Սի քանի սերունդներ էին անցել այն պահից, ինչ Ադամը ճաշակել էր կյանքի ծառից, բայց մարդու կյանքի տևողությունը դեռևս հարյուրամյակներով էր հաշվվում: Եթե այդ երկարակյաց մարդիկ ծրագրելու և իրագործելու իրենց հազվագյուտ կարողությամբ նվիրվեին Աստծո ծառայությանը, ապա կփառավորեին իրենց Արարչի անունը երկրի վրա և կիրականացնեին այն նպատակը, որի համար Նա կյանք էր տվել նրանց: Բայց նրանք թերացան այդ անել: Այդ ժամանակ ապրում էին հսկաներ’ վիթխարահասակ և ահռելի ուժի տեր մարդիկ, որոնք հայտնի էին իմաստությամբ և ամենաբարդ ու զարմանահրաշ գյուտարարություններ անելու վարպետությամբ: Նրանց մեղքը, սակայն, որն աճող անօրենության հանդեպ անտարբերությունն էր, ուղիղ համեմատական էր նրանց վարպետությանն ու հանճարին: ԱՄՋ 55.1

Սինչջրհեղեղյան աշխարհի այս բնակիչներին Աստված բազմաթիվ ու հարուստ պարգևներ էր շնորհել, բայց նրանք Նրա օրհնություններն օգտագործեցին իրենց փառավորելու համար և անեծքի վերածեցին’ սիրելով ավելի շատ պարգևները, քան Տվողին: Ոսկին, արծաթը, թանկարժեք քարերն ու ընտիր փայտը նրանք օգտագործում էին իրենց համար շքեղ պալատներ կառուցելու նպատակով’ ձգտելով գերազանցել մեկը մյուսին’ իրենց բնակարաները զարդարելու հմտության ու վարպետության մեջ: Նրանք ձգտում էին միայն բավարարել իրենց հպարտ սրտերի ցանկությունները’ թաղված խրախճանքների ու անառակության մեջ: Չկամենալով Աստծուն ունենալ իրենց մտքի մեջ’ նրանք շուտով հերքեցին Նրա գոյությունը’ բնության Արարչի փոխարեն պաշտելով բնությունը: Նրանք փառաբանում էին մարդկային հան՜ ճարը, երկրպագում էին իրենց ձեռքի գործերին և իրենց երեխաներին սովորեցնում էին պաշտել արձաններին: ԱՄՋ 56.1

Կանաչ դաշտերում և սաղարթախիտ ծառերի ստվերի տակ նրանք զոհասեղաններ էին կանգնեցնում իրենց կուռքերին: Ընդարձակ, մշտականաչ պուրակները նախատեսված էին կեղծ աստվածներին պաշտելու համար: Այս պուրակներին կցվում էին արձաններով զարդարված գեղեցիկ այգիներ, որոնց երկար, ոլորապտույտ ծառուղիների վրա կախվում էին ամեն տեսակ պտղատու ծառերի սաղարթները: Այստեղ ամեն բան դասավորված էր այնպես, որ կարող էր գրգռել մարդկանց հեշտասիրական ցանկություններն ու կրքերը’ գայթակղելով նրանց մասնակցելու կուռքերի պաշտամունքին: ԱՄՋ 56.2

Մարդիկ իրենց գիտակցությունից հանեցին Աստծուն ու երկրպագեցին իրենց երևակայության մարմնացումներին, և որպես արդյունք’ գնալով ավելի այլասերվեցին: Սաղմոսերգուն այսպես է նկարագրում կռապաշտության ներգործությունը երկրպագուի վրա. «Նրանց շինողներն էլ նրանց նման են, և ամենքը, ովքեր հույս են դնում նրանց վրա” (Սաղմոս 115.8): Մարդկային մտքի օրենքն է, որ նայելով’ մենք փոխվում ենք: Մարդը չի կարող ճշմարտության, մաքրության և սրբության իր պատկերացումներից ավելի վեր բարձրանալ: Եթե միտքը երբեք չի բարձրանում մարդկային չափանիշներից, եթե այն չի ազնվանում’ ընկալելու անսահման իմաստությունն ու սերը, մարդը գնալով ավելի ու ավելի է նսեմանում: Կեղծ աստվածների երկրպագուներն իրենց կուռքերին վերագրում էին մարդկային հատկանիշներ և զգացմունքներ, այդ պատճառով էլ նրանց բնավորության չափանիշը ցածրացավ մինչև մեղավոր մարդու նմանությունը, և արդյունքում’ նրանք այլասերվեցին: «Եվ Եհովան տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր: ...Եվ երկիրն Աստծո առաջ ապականվեց, և երկիրն անօրենությամբ լցվեց»: Աստված Իր պատվիրանները տվել էր մարդկանց որպես կյանքի չափանիշ, բայց Նրա օրենքը ոտնահարվեց, որի հետևանքով առաջացան ամեն տեսակի մեղքեր: Մարդկանց այլանդակությունը բացահայտ էր և հանդուգն: Արդարությունը ոտնակոխ արվեց, և ճնշվածների աղաղակները հասան մինչև երկինք: ԱՄՋ 56.3

Գրեթե հենց սկզբից’ հակառակ աստվածային որոշման, սահմանվեց բազմակնություն: Տերն Ադամին մեկ կին տվեց’ ցույց տալով Իր դիրքորոշումն այդ հարցում: Բայց մեղանչելուց հետո’ մարդիկ նախընտրեցին հետևել իրենց ստոր ցանկություններին, որի արդյունքում արագորեն աճեցին հանցագործություններն ու դժբախտությունները: Չէին հարգվում ոչ ամուսնական կապերը, ոչ էլ’ սեփականության իրավունքը: Ցանկության դեպքում ամեն ոք բռնությամբ տիրանում էր իր հարևանի կնոջը կամ ունեցվածքին, և մարդիկ հրճվում էին իրենց բռնարարքներից: Կենդանիներին սպանելը նրանց հաճույք էր պատճառում, և մսի օգտագործումը կերակրի մեջ էլ ավելի դաժան ու արնախում դարձրեց նրանց, մինչև որ նրանք մարդկային կյանքին սկսեցին վերաբերվել զարմանալի անտարբերությամբ: ԱՄՋ 57.1

Աշխարհը դեռ շատ երիտասարդ էր, բայց անօրենությունն այնքան խորացավ ու տարածվեց, որ Աստված այլևս չկարողացավ համբերել և ասաց. «Երկրի երեսից ջնջեմ մարդուն, որին ստեղծեցի»: Նա հայտարարեց, որ Իր Հոգին միշտ չի պայքարելու մեղավոր ցեղի դեմ: Եթե նրանք չդադարեն իրենց մեղքերով պղծել երկիրն ու նրա հարուստ գանձերը, Նա կբնաջնջի նրանց և կկործանի այն բոլոր օրհնությունները, որոնք մեծ հաճույքով տվել էր նրանց, Նա կոչնչացնի դաշտի բոլոր գազաններին ու ողջ բուսական աշխարհը, որն այնքան առատ էր ուտելիքներով, և չքնաղ երկիրն ամայի ու ավերակ կդարձնի: ԱՄՋ 57.2

Գերիշխող այլասերվածության մեջ Մաթուսաղան, Նոյը և շատ ուրիշներ ջանում էին կենդանի պահել ճշմարիտ Աստծո գիտությունը և կասեցնել բարոյական անկումը: Ջրհեղեղից հարյուր քսան տարի առաջ Տերը սուրբ հրեշտակի միջոցով հայտնեց Նոյին Իր մտադրությունը և պատվիրեց նրան մի տապան շինել: Տապանը կառուցելու ընթացքում նա պիտի քարոզեր, որ Աստված ջրհեղեղ է բերելու երկրի վրա’ ամբարիշտներին կործանելու համար: Ովքեր կհավատային նախազգուշացմանը և զղջումով ու ապաշխարությամբ կպատրաստվեին այդ իրադարձու- թյանը, ներում կստանային ու կփրկվեին: Ենոքն իր զավակներին պատմել էր, թե ինչ էր Աստված հայտնել իրեն ջրհեղեղի վերաբերյալ, և Մաթուսաղան ու նրա որդիները, որոնք ապրում էին Նոյի քարոզչության ժամանակ, օգնեցին նրան տապանի շինության գործում: ԱՄՋ 57.3

Աստված Նոյին հաղորդեց տապանի ճշգրիտ չափերը և մանրամասն ցուցումներ տվեց դրա կառուցման վերաբերյալ: Մարդկային իմաստությունը չէր կարող այդպիսի հզոր և դիմացկուն կառույց նախագծել: Նախագծի հեղինակը Աստված էր, իսկ Նոյը’ վարպետ շինարարը: Այդ շինությունը նավի նման էր կառուցված, որպեսզի կարողանա լողալ ջրի վրա, բայց որոշ առումով այն ավելի շատ տուն էր հիշեցնում: Այն երեք հարկանի էր և ուներ ընդամենը մեկ դուռ, որը գտնվում էր նավակողին: Լույսը ներս էր թափանցում վերևից, և նավամիջի տարբեր բաժիններն այնպես էին դասավորված, որ բոլորն էլ լուսավորվում էին: Տապանի շինության համար օգտագործվեց նոճի կամ խիժաբեր փայտ, որը հարյուրավոր տարիների ընթացքում չէր քայքայվի: Այս վիթխարի կառույցի շինարարությունը երկարատև ու դժվարին գործընթաց էր: Հաշվի առնելով ծառերի մեծ չափերը և փայտանյութի տեսակը, այն ժամանակ տախտակներ շինելու համար ավելի շատ աշխատանք էր պահանջվում, քան հիմա, թեև մարդիկ շատ ավելի ուժեղ էին: Մարդն ամեն ինչ արեց, որպեսզի աշխատանքը կատարյալ լինի, սակայն տապանն ինքնին չէր դիմանա այն արհավիրքին, որ պիտի գար երկրի վրա: Մոլեգնած ջրերի մեջ միայն Աստված կարող էր պահպանել Իր ծառաներին: ԱՄՋ 58.1

«Հավատով Նոյը, պատգամ առնելով դեռ չերևացած բաների համար և երկյուղած լինելով’ շինեց տապանն իր տան փրկության համար, որով աշխարհս դատապարտեց, և ժառանգ եղավ հավատով լինող արդարությանը» (Եբրայեցիս 11.7): Մինչ Նոյն իր նախազգուշացման լուրն էր հաղորդում աշխարհին, նրա գործերը վկայում էին նրա անկեղծության մասին: Հենց դրանով էր նրա հավատը կատարյալ և ակնհայտ: Նա Աստծո խոսքերին անվերապահ վստահության օրինակ թողեց աշխարհին: Իր բոլոր կարողությունները նա նվիրեց տապանի շինարարությանը: Երբ նա սկսեց չոր հողի վրա կառուցել վիթխարի նավը, բազմաթիվ մարդիկ ամեն տեղերից գալիս էին տեսնելու այդ տարօրինակ տեսարանը և լսելու միայնակ քարոզչի ներշնչված ու կրակոտ խոսքերը: Մուրճի ամեն մի հարվածը տապանի շինության ժամանակ վկայություն էր ժողովրդին: ԱՄՋ 58.2

Սկզբում թվաց, թե շատերն ընդունել են նախազգուշացումը, սակայն դեռ անկեղծ ապաշխարությամբ դարձի չէին եկել առ Աստված: Նրանք չէին կամեցել թողնել իրենց մեղքերը: Այն ժամանակահատվածում, որ մնացել էր մինչև ջրհեղեղը, նրանց հավատը փորձության ենթարկվեց, բայց նրանք չդիմացան ղրան: Հաղթված գերիշխող անհավատությունից’ նրանք վերջապես միացան իրենց նախկին ընկերներին’ մերժելով հանդիսավոր լուրը: Ոմանք խորապես ազդվել էին, և ուշադրություն կդարձնեին նախազգուշացման խոսքերին, բայց այնքան շատերն էին ծաղրում և ծիծաղում, որ նրանք էլ լցվեցին նույն ոգով, մերժեցին ողորմության կոչը և շուտով հայտնվեցին ամենահանդուգն ու լկտի ծաղրողների շարքում, որովհետև ոչ ոք այնքան անխոհեմ չէ և այնքան խորը չի թաղվում մեղքի մեջ, որքան նա, ով մի ժամանակ լույս է ունեցել, բայց հակառակվել է Աստծո Հոգու ազդեցությանը: ԱՄՋ 58.3

Այդ սերնդի մարդկանցից բոլորը չէ, որ կռապաշտներ են եղել բառիս բուն իմաստով: Շատերը դավանում էին, թե երկրպագում են Աստծուն: Նրանք պնդում էին, թե իրենց կուռքերը Աստվածության պատկերներ են, և որ դրանց միջոցով մարդիկ կարող են ավելի հստակ պատկերացում կազմել աստվածային էակի մասին: Այս մարդիկ առաջինը մերժեցին Նոյի քարոզը: Մինչ նրանք ջանում էին Աստծուն ներկայացնել նյութական առարկաների միջոցով, նրանց մտքերը խավարել էին’ ընբռնելու Նրա վեհությունն ու հզորությունը, և նրանք դադարեցին գիտակցել Նրա էության սրբությունը կամ Նրա պահանջների սրբազան, անփոփոխ բնույթը: Որքան ավելի համատարած էր դառնում մեղքը, այնքան ավելի քիչ հրեշավոր էր թվում, և նրանք վերջապես հայտարարեցին, որ աստվածային օրենքն այլևս ուժի մեջ չէ, որ օրինազանցներին պատժելը հակասում է Աստծո բնավորությանը, և ժխտեցին, որ Նրա դատաստանները շուտով երկրի վրա կթափվեն: Եթե այդ սերնդի մարդիկ հնազանդվեին աստվածային օրենքին, ապա կճանաչեին Աստծո ձայնը Իր ծառայի նախազգուշացման մեջ, բայց նրանց բանականությունն այնպես էր մթագնել լուրը մերժելու հետևանքով, որ նրանք իսկապես կարծեցին, թե Նոյի լուրը մոլորություն է: Միայն քչերն էին ճշմարտության կողմը, մեծամասնությունը մերժեց այն: Աշխարհն ըմբոստացել էր Աստծո արդարության ու Նրա օրենքների դեմ, և Նոյին համարեցին մոլեռանդ: Եվային դրդելով չհնազանդվել Աստծուն’ սատանան նրան ասաց. «Բնավ չեք մեռնի” (Ծննդոց 3.4): Աշխարհի հռչակավոր, մեծապատիվ ու իմաստուն մարդիկ կրկնում էին նույնը: «Աստծո սպառնալիքները,- ասում էին նրանք,- միայն վախեցնելու համար են, դրանք երբեք չեն իրականանա: Պետք չէ խուճապի մատնվել: Սի այնպիսի իրադարձություն, ինչպիսին աշխարհի կործա - նումն է և Արարչի կողմից Իր ստեղծած էակների բնաջնջումը, երբեք տեղի չեն ունենա: Հանգիստ եղեք, մի° վախեցեք: Նոյը մի ցնորված մոլեռանդ է”: Աշխարհը ծիծաղեց «խաբված” ծերուկի հիմարության վրա: Իրենց սրտերն Աստծո առջև խոնարհեցնելու փոխարեն’ նրանք շարունակեցին իրենց չարությունն ու անհնազանդությունը, կարծես Աստված չէր էլ զգուշացրել նրանց Իր ծառայի միջոցով: ԱՄՋ 59.1

Բայց Նոյը կանգնած էր ինչպես ժայռը փոթորկի մեջ: Շրջապատված համընդհանուր ծաղրով ու արհամարհանքով’ նա աչքի էր ընկնում իր անբիծ մաքրությամբ և անսասան հավատարմությամբ: Նրա խոսքերը հնչում էին զորությամբ, որովհետև Աստված էր դիմում մարդկանց Իր ծառայի շուրթերով: Մինչ հարյուր քսան տարվա ընթացքում նրա հանդիսավոր ձայնն զգուշացնում էր իր ժամանակակիցներին այն իրադարձությունների մասին, որոնք մարդկային դատողությամբ անհնարին էին, կապն Աստծո հետ անչափ հզոր դարձրեց նրան: ԱՄՋ 60.1

Աշխարհը ջրհեղեղից առաջ պնդում էր, թե բնության օրենքները դարեր շարունակ չեն փոփոխվել: Ամեն ինչ ընթանում էր իր կարգով: Մինչ այդ անձրև երբեք չէր թափվել, երկիրը ոռոգվում էր մշուշով կամ ցողով: Գետերը երբեք դուրս չէին եկել իրենց ափերից, այլ հանդարտ հոսում էին դեպի ծովը: Հաստատուն օրենքներն արգելում էին, որ գետերը դուրս գան իրենց հունից: Բայց այս «գիտակները» չճանաչեցին Նրա ձեռքը, ով կասեցրել էր ջրերն’ ասելով. «Մինչև այստեղ գաս, և էլ չանցնես” (Հոբ 38.11): ԱՄՋ 60.2

ժամանակն անցնում էր, բայց բնության մեջ տեսանելի փոփոխություններ չէին նկատվում, և այն մարդիկ, ում սրտերը ժամանակ առ ժամանակ ահ էր սողոսկում, դադարեցին անհանգստանալ: Նրանք, ինչպես շատերն այսօր, պատճառաբանեցին, թե բնությունը վեր է Աստծուց, և որ նրա օրենքներն այնքան հաստատուն են, որ Աստված Ինքն էլ չի կարող դրանք փոխել: Մտածելով, որ եթե Նոյի լուրը ճիշտ լիներ, ապա բնությունը պիտի շեղվեր իր հունից, նրանք համոզեցին աշխարհին, թե դա կեղծիք է և մեծ մոլորություն: Վարվելով ճիշտ այնպես, ինչպես նախքան նախազգուշացման հռչակումը’ նրանք արհամարհեցին Աստծո կոչը: Շարունակելով որկրամոլությունն իրենց խնջույքներում ու խրախճանքներում’ նրանք ուտում էին և խմում, տնկում էին և շինում, ծրագրեր էին կազմում ապագայում մեծ եկամուտներ ստանալու ակնկալիքով: Եվ նրանք ավելի խորն ընկղմվեցին անօրենության մեջ’ լկտիաբար արհամարհելով Աստծո պահանջներն ու վկայելով, որ չեն վախենում Անսահմանից: Նրանք պնդում էին, որ եթե ինչ-որ ճշմարտություն լիներ Նոյի խոսքերում, ապա ճանաչված մարդիկ’ իմաստուններն ու գիտունները, գլուխ կհանեին դրանից: ԱՄՋ 60.3

Եթե մինչջրհեղեղյան աշխարհի բնակիչները հավատային նախազգուշացմանը և թողնեին իրենց չար գործերը, ապա Տերը ետ կպահեր Իր բարկությունը, ինչպես հետագայում վարվեց Նինվեի հետ: Բայց համառորեն մերժելով իրենց խղճի հանդիմանությունն ու Աստծո մարգարեի նախազգուշացումները’ նրանք լցրին իրենց անօրենության գավաթը, և կործանումն անխուսափելի էր: ԱՄՋ 61.1

Նրանց փորձության ժամանակն արդեն վերջանում էր: Նոյը հավատարմորեն էր կատարել այն ամենն, ինչ Աստված կարգադրել էր նրան: Տապանը կառուցված էր ճիշտ այնպես, ինչպես Տերը հրամայել էր, և մարդկանց ու կենդանիների համար բավարար սնունդ էր պահեստավորված: Եվ հիմա Աստծո ծառան իր վերջին հանդիսավոր կոչն արեց ժողովրդին: Մի այնպիսի կրքոտ ցանկությամբ, որ բառերով անկարելի է արտահայտել, նա աղաչեց նրանց ապաստարան փնտրել, քանի դեռ հնարավորություն կար, բայց նրանք կրկին մերժեցին կոչը, և ի պատասխան’ միայն ծաղրանք ու ծիծաղ լսվեց: Հանկարծ լռություն իջավ ծաղրող բազմության վրա: Ամեն տեսակ գազաններ’ ինչպես ամենակատաղի, այնպես էլ ամենաանվնաս, սկսեցին իջնել սարերից և դուրս գալ անտառից’ հանդարտ ուղղվելով դեպի տապանը: Հետո աղմուկ լսվեց, որը նման էր քամու շառաչի, և ահա ամեն կողմից թռչուններ հավաքվեցին, այնքան շատ, որ երկինքը սևացավ, և կատարյալ կարգապահությամբ սկսեցին ներս մտնել տապան: Կենդանիները հնազանդվեցին Աստծո հրամանին, մինչդեռ մարդիկ մնացին անհնազանդ: Սուրբ հրեշտակների ղեկավարությամբ նրանք «զույգ-զույգ’ արու և էգ, գնացին Նոյի մոտ’ տապանի մեջ », իսկ մաքուր անասուններից’ յոթ-յոթ հատ: Մարդիկ, զարմանքից ապշած, ոմանք էլ սարսափած, նայում էին այդ տեսարանին: Իմաստուններ կանչվեցին’ բացատրելու կենդանիների այդ արտասովոր վարքը, բայց’ իզուր: Դա մի առեղծված էր, որը նրանք անկարող էին հասկանալ: Բայց մարդիկ, համառորեն մերժելով լույսը, այնքան էին խստացրել իրենց սրտերը, որ նույնիսկ այս տեսարանը նրանց վրա հարկ եղած տպավորությունը չթողեց: Դատապարտված ցեղը, նայելով իր փառքի մեջ շողշողացող արեգակին և գրեթե եդեմական գեղեցկություն հագած երկրին, աղմկոտ զվարճությամբ վանեց իրենից վախը: Եվ իրենց բռնարարքներով նրանք, թվում էր, իրենց վրա են հրավիրում արդեն թափվելու պատրաստ Աստծո բորբոքված զայրույթը: ԱՄՋ 61.2

Աստված պատվիրեց Նոյին. «Մտիր դու և քո բոլոր տունը տապանի մեջ, որովհետև այս դարում քեզ տեսա արդար իմ առաջին»: Աշխարհը մերժեց Նոյի նախազգուշացումները, բայց նրա ազդեցությունն ու օրինակը մեծ օրհնություն բերեցին նրա ընտանիքին: Ի վարձատրություն նրա նվիրվածության ու ազնվության’ Աստված Նոյի հետ փրկեց նաև նրա ընտանիքի բոլոր անդամներին: Ծնողական հավատարմության ինչպիսի՜ պարգևատրում: ԱՄՋ 62.1

Ողորմության աղերսները դադարեցին մեղավոր ցեղի համար: Դաշտի գազաններն ու երկնքի թռչունները մտել էին իրենց ապաստարանը: Նոյը իր ընտանիքի հետ տապանի մեջ էր, և Աստված «փակեց դուռը նրա ետևից»: Կուրացուցիչ լույսի բռնկում երևաց, և փառավոր մի ամպ’ կայծակից ավելի պայծառ, երկնքից իջավ ու կանգնեց տապանի մուտքի մոտ: Անտեսանելի ձեռքերը դանդաղ ծածկեցին վիթխարի դուռը, քանի որ դա անհնար էր ներսում գտնվողների համար: Նոյը փակվեց ներսում, իսկ Աստծո ողորմությունը մերժողները մնացին դրսում: Երկնքի կնիքն էր դրված այդ դռան վրա: Աստված Ինքը փակեց այն, և միայն Աստված էլ կարող էր այն բացել: Այդպես էլ, երբ Քրիստոսն ավարտի Իր բարեխոսությունը մեղավորների համար, նախքան Իր վերադարձը երկնային ամպերի վրա’ ողորմության դուռը կփակվի: Այն ժամանակ աստվածային շնորհն այլևս չի զսպի ամբարիշտներին, և սատանան լիակատար իշխանություն ձեռք կբերի նրանց վրա, ովքեր մերժել են ողորմությունը: Նրանք կձգտեն կործանել Աստծո ժողովրդին, բայց ինչպես Նոյը ծածկվեց տապանում, այնպես էլ արդարները կպաշտպանվեն աստվածային զորությամբ: ԱՄՋ 62.2

Այն բանից հետո, երբ Նոյն ու իր ընտանիքը մտան տապան, յոթ օր շարունակ մոտեցող փոթորկի ոչ մի նշան չէր երևում: Այդ ընթացքում նրանց հավատը փորձության ենթարկվեց: Դա հաղթության ժամանակ էր արտաքին աշխարհի համար: Թվացյալ ուշացումն ավելի խորացրեց նրանց այն համոզմունքը, որ Նոյի պատգամը մոլորություն է և որ ջրհեղեղ երբեք չի լինի: Չնայած այն հանդիսավոր տեսարաններին, որոնց նրանք ականատես էին եղել, երբ կենդանիներն ու թռչունները մտել էին տապան և Աստծո հրեշտակը փակել էր դուռը, նրանք առաջվա պես շարունակում էին իրենց զվարճություններն ու խրախճանքները’ ծիծաղելով նույնիսկ Աստծո զորության այդ ակնհայտ դրսևորումների վրա: Խումբ-խումբ հավաքվելով տապանի մոտ’ նրանք այնպիսի հանդուգն լկտիությամբ սկսեցին ծաղրել ներսի բնակիչներին, որ նախկինում երբեք չէին համարձակվել: ԱՄՋ 62.3

Բայց ութերորդ օրը եկինքը ծածկվեց մութ ամպերով, հետո ճայթեց ամպրոպն, ու փայլատակեցին կայծակները: Շուտով անձրևի խոշոր կաթիլներ սկսեցին թափվել: Աշխարհը երբեք նման բան չէր տեսել, և մարդկանց սրտերը սարսափով լցվեցին: Ամենքի մտքում մի հարց էր. «Մի՞թե Նոյն իրավացի էր, և աշխարհը դատապարտված է կործանման»: Երկինքը գնալով մթնեց, և անձրևն սկսեց սաստկանալ: Կենդանիները վայրի սարսափով այս ու այն կողմ էին նետվում և իրենց վայնասունով ասես ողբում սեփական բախտն ու մարդու ճակատագիրը: Այդ ժամանակ «մեծ անդունդի բոլոր աղբյուրները ճեղքվեցին, և երկնքի պատուհանները բացվեցին»: Ամպերից ասես ջրի հեղեղներ թափվեցին: Գետերը, դուրս գալով իրենց ափերից, ողողեցին դաշտերը: Երկրի ընդերքից աննկարագրելի ուժով սկսեցին դուրս ցայտել ջրի շիթեր’ հարյուրավոր ոտնաչափ վեր նետելով վիթխարի ժայռակտորներ, որոնք, վայր ընկնելով, խոր թաղվում էին հողի մեջ: ԱՄՋ 63.1

Մարդիկ առաջին անգամ տեսան, թե ինչպես են ավերվում իրենց ձեռքի գործերը: Նրանց վեհաշուք պալատները, գեղեցիկ պարտեզներն ու պուրակները, որտեղ նրանք դրել էին իրենց կուռքերը, քարուքանդ եղան երկնային կայծակով, և ամեն ինչ ավերակների վերածվեց: Զոհասեղանները, որոնց վրա մարդկային պատարագներ էին մատուցվում, կործանվեցին: Կենդանի Աստծո զորությունից զարհուրեցին երկրպագուները’ գիտակցելով, որ իրենց անառակության ու կռապաշտության հետևանքով է վրա հասել այս աղետը: ԱՄՋ 63.2

Փոթորիկն ավելի կատաղորեն մոլեգնեց’ ցիրուցան անելով ծառերը, տները, ժայռերն ու հողակտորները: Մարդկանց և կենդանիների սոսկումն անհնար է նկարագրել: Փոթորկի շառաչյունից ավելի բարձր լսվում էր ժողովրդի ողբը, որն արհամարհել էր Աստծո հեղինակությունը: Սատանան ինքն էլ, ով ստիպված էր մնալ բորբոքված տարերքի մեջ, սարսափում էր իր սեփական կյանքի համար: Նա հաճույք էր ստա- նում’ իշխելով մարդկային հզոր ցեղի վրա, և շատ էր փափագում, որ նրանք ապրեն ու շարունակեն իրենց պղծությունները’ ապստամբելով երկնքի Կառավարչի դեմ: Հիմա նա անիծում էր Աստծուն’ մեղադրելով Նրան անարդարության ու դաժանության մեջ: Մարդկանցից շատերը, սատանայի նման, հայհոյում էին Աստծուն, և եթե կարողանային, կտապալեին Նրան զորության աթոռից: Մյուսներն էլ, սարսափից խենթացած, իրենց ձեռքերը դեպի տապանն էին պարզում’ աղաչելով ներս թողնել, բայց’ ապարդյուն: Վերջապես խիղճն արթնացել էր ճանաչելու Աստծուն’ երկնքի Տիրակալին: Նրանք թախանձագին խնդրում էին, բայց Նա չէր լսում նրանց աղաղակները: Միայն այդ սոսկալի պահին նրանք հասկացան, որ իրենց կործանման է հասցրել Աստծո օրենքի խախտումը: Բայց, թեև պատժից վախենալով, նրանք խոստովանեցին իրենց մեղքը, սակայն անկեղծորեն չէին զղջում չարագործության համար և ոչ էլ զզվում էին դրանից: Նրանք կշարունակեին ապստամբել երկնքի դեմ, եթե մնային անպատիժ: Այդպես էլ աշխարհը կրակով կործանվելուց առաջ, երբ Աստծո դատաստանները թափվեն երկրի վրա, անզեղջ չարագործները կհասկանան, որ իրենց մեղքը Նրա սուրբ օրենքի ոտնահարումն է եղել: Սակայն նրանց այդ խոստովանությունն ավելի անկեղծ չի լինի, քան հին աշխարհի մեղավորներինը: ԱՄՋ 63.3

Ոմանք հուսահատված փորձում էին ուժով ներխուժել տապան, բայց նրա շինվածքն այնքան ամուր էր, որ դիմացավ նրանց փորձերին: Մյուսները կառչում էին տապանից, մինչև որ կատաղի ալիքները քշում էին նրանց, կամ էլ պոկվում էին’ ընդհարվելով ժայռերին ու ծառերին: Վիթխարի տապանն ամբողջովին ցնցվում էր’ ծեծվելով վայրագ քամիներից, և այս ու այն կողմ էր նետվում’ բախվելով հսկայական ալիքներին: Ներսից լսվող գազանների վայնասունն արտահայտում էր նրանց տառապանքն ու սարսափը: Տապանը, սակայն, շարունակում էր անվնաս լողալ բորբոքված տարերքի մեջ: Զորավոր հրեշտակներին հրամայված էր պահպանել այն: ԱՄՋ 64.1

Փոթորկից վախեցած կենդանիները նետվում էին դեպի մարդիկ’ ասես օգնություն խնդրելու նրանցից: Ոմանք իրենց և իրենց երեխաներին կապում էին ուժեղ կենդանիներին’ հուսալով, որ նրանք, մագլցելով ամենաբարձր գագաթները, կխուսափեն բարձրացող ջրերից: Մյուսներն իրենց կապում էին բլուրների ու լեռների գագաթներին աճած վիթխարի ծառերին, բայց դրանք արմատախիլ էին լինում’ իրենց կապված մարդկանց հետ միասին ընկղմվելով փրփրադեզ ալիքների մեջ: Փրկություն խոստացող բարձունքները խորտակվում էին մեկը մյուսի ետևից: Երբ ջրերն ավելի ու ավելի բարձրացան, մարդիկ փախան դեպի ամենաբարձր սարերը: Հաճախ մարդ ու կենդանի պայքարի մեջ էին մտնում մի ոտնաչափ հողի համար, մինչև որ երկուսն էլ քշվում էին: ԱՄՋ 64.2

Ամենաբարձր գագաթներից մարդիկ նայում էին դեպի անեզր օվկիանոսի հեռուները: Աստծո ծառայի հանդիսավոր նախազգուշացումներն այլևս ծիծաղելի ու արհամարհելի չէին թվում: Դատապարտված մեղսագործներն ինչպե՜ս էին փափագում վերադարձնել այն հնարավորությունները, որ անտեսել էին: Ինչպե՜ս էին աղաչում փորձության գեթ մեկ ժամի, ողորմություն ստանալու ևս մեկ առավելության և Նոյի շուրթերից միայն մեկ կոչ լսելու համար: Բայց նրանց այլևս վիճակված չէր լսելու ողորմության քաղցրահնչյուն ձայնը: Սերը, ոչ պակաս, քան արդարությունը, պահանջում էր, որ Աստծո դատաստանները վերջ տային մեղքին: Վրիժառության ջրերը ծածկեցին վերջին ապաստարանները, և Աստծուն արհամարհողները կորան մռայլ հորձանուտի մեջ: ԱՄՋ 64.3

«Աստծո խոսքով... այն հին աշխարհը ջրհեղեղով ապականված’ կորավ: Եվ այժմյան երկինքն ու երկիրս, նույն խոսքով պահպանված, պահվում են կրակի համար դատաստանի և ամբարիշտ մարդկանց կորստյան օրում” (Բ Պետրոս 3.5-7): Մոտենում է հաջորդ փոթորիկը: Երկիրը նորից կմաքրվի Աստծո ավերիչ զայրույթով, և մեղքն ու մեղավորները կոչնչանան: ԱՄՋ 65.1

Այն նույն մեղքերը, որոնք մինչջրհեղեղյան աշխարհի կորստյան պատճառը հանդիսացան, գոյություն ունեն նաև այսօր: Աստծո երկյուղը չքացել է մարդկանց սրտերից, և Նրա օրենքին վերաբերվում են անտարբերությամբ ու արհամարհանքով: Այն սերնդին բնորոշ սանձարձակությունը յուրահատուկ է նաև ներկա սերնդին: Քրիստոսն ասել է. «Ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերին էին ուտում և խմում, կին առնում և մարդի գնում, մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապան, և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու ամենքին վեր առավ, այդպես կլինի նաև մարդի Որդու գալուստը» (Մատթեոս 24.38,39): Աստված չդատապարտեց հին աշխարհի բնակիչներին ուտելու և խմելու համար, այդ Նա էր առատորեն երկրի պտուղները պարգևել նրանց, որպեսզի հոգան իրենց ֆիզիկական կարիքները: Նրանց մեղքն այն էր, որ օգտագործելով այդ բարիքները’ շնորհակալ չեղան Տվողին և ապական- վեցին’ անզուսպ ագահությամբ բավարարելով իրենց փչացած ախորժակը: Ամուսնությունն օրինավոր էր նրանց համար, քանզի Աստված Ինքն էր սահմանել այն: Դա Նրա առաջին դրվածքներից մեկն էր: Նա հատուկ ցուցումներ էր տվել այդ դրվածքի վերաբերյալ’ օժտելով այն սրբությամբ ու գեղեցկությամբ, բայց այդ ցուցումները մոռացվել էին, ամուսնությունն աղավաղվել ու սկսել էր ծառայել ստոր կրքերին: ԱՄՋ 65.2

Նույն իրավիճակն է տիրում նաև հիմա: Այն, ինչը ինքնին օրինավոր է, վեր է ածվում ստոր կրքերի բավարարման: Ախորժակը հագեցվում է առանց սահմանափակման: Քրիստոսի կոչեցյալ հետևորդներն ուտում և խմում են հարբեցողների հետ, մինչդեռ նրանց անունները գրանցված են եկեղեցական պատվավոր գրքերում: Անզսպությունը բթացնում է հոգևոր ու բարոյական ունակությունները և ճամփա է բացում ստոր ցանկությունների բավարարման համար: Հազարավորները բարոյական պարտավորություն չեն զգում սանձելու իրենց զգացմունքային ցանկությունները, և դառնում են կրքի ստրուկներ: Մարդիկ ապրում են զգացմունքային հաճույքներ ստանալու համար’ միայն հանուն այս աշխարհի և այս կյանքի: Շռայլությունը բնորոշ է դառնում հասարակության բոլոր խավերին: Ազնվությունը զոհաբերվում է հանուն շքեղության և ցուցամոլության: Նրանք, ովքեր շտապում են հարստանալ, ոտնահարում են արդարությունը և ճնշում աղքատներին, իսկ «մարմիններն ու մարդկանց հոգիները» մինչև հիմա վաճառվում և գնվում են: Խարդախությունը, կաշառակերությունն ու ավազակությունը անարգել տարածվում են ինչպես վերին, այնպես էլ ստորին խավերում: Զանգվածային լրատվության միջոցներն ամեն օր հաղորդում են սպանությունների և այնքան սառնասրտորեն կատարված անիմաստ ոճրագործությունների մասին, որ թվում է, թե վերացել է մարդկայնության ամեն մի զգացում: Եվ այս գազանություններն այնքան սովորական երևույթ են դարձել, որ այլևս ոչ զարմանք են հարուցում, ոչ էլ վրդովմունք: Անիշխանության ոգին թևածում է բոլոր ազգերի վրա, և այն պատերազմները, որոնք ժամանակ առ ժամանակ սարսափեցնում են աշխարհը, կուտակված կրքերի և անօրենության դրսևորումներն են, որոնք մեկ անգամ դուրս գալով հսկողությունից’ երկիրն ավերածությամբ ու դժբախտությամբ կլցնեին: Սինչջրհեղեղյան աշխարհի նկարագիրը’ տրված ներշնչյալ Գրքի էջերում, ճշտորեն արտացոլում է այն իրավիճակը, որին արագորեն շտապում է արդի հասարակությունը: Նույնիսկ հիմա’ մեր դարաշրջանում, այսպես կոչված քրիստոնեական երկրներում ամեն օր կատարվում են այն նույն դաժան ու սոսկալի հանցագործությունները, որոնց պատճառով կործանվեցին հին աշխարհի մեղսագործները: Ջրհեղեղից առաջ Աստված ուղարկեց Նոյին նախազգուշացնելու աշխարհին, որպեսզի մարդիկ ապաշխարեն և այդպիսով խուսափեն սոսկալի կործանումից: Մոտենում է Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակը, և Տերն Իր ծառաների միջոցով նախազգուշացման լուր է ուղարկում աշխարհին’ այդ մեծ իրադարձությանը պատրաստվելու համար: Միլիոնավոր մարդիկ ոտնահարում են Աստծո օրենքը, և հիմա Նա գթասրտորեն կոչ է անում նրանց հնազանդվելու նրա սրբազան պատվիրաններին: Բոլոր նրանք, ովքեր ապաշխարությամբ և հավատով առ Քրիստոս կթողնեն իրենց մեղքերը, ներում կստանան: Բայց շատերին թվում է, թե մեղքից հրաժարվելը չափազանց մեծ զոհ է պահանջում: Եվ քանի որ նրանց կյանքը ներդաշնակ չէ Աստծո բարոյական կառավարության վեհ սկզբունքներին, նրանք մերժում են Նրա նախազգուշացումները և արհամարհում Նրա օրենքի հեղինակությունը: ԱՄՋ 65.3

Մինչջրհեղեղյան աշխարհի բազմահազար բնակիչներից միայն ութ հոգի հավատացին և հնազանդվեցին Աստծո խոսքին’ տրված Նոյի միջոցով: Հարյուր քսան տարի շարունակ արդարության այդ քարոզիչը նախազգուշացնում էր աշխարհին վերահաս կործանման մասին, բայց նրա լուրն արհամարհվեց ու մերժվեց: Նույնը կրկնվելու է նաև հիմա: Նախքան Օրենսդիրը կգա պատժելու անհնազանդներին, նրանց ապաշխարության կոչ է արվում, բայց մեծամասնության համար այդ կոչը ապարդյուն կլինի: Պետրոս առաքյալն ասում է. «Վերջին օրերում ծաղր անողներ կգան, որ իրենց ցանկությունների պես կվարվեն, և կասեն. Ու՞ր է նրա գալստյան խոստումը, քանի որ այն ժամանակից ի վեր, ինչ հայրերը վախճանվեցին, ամեն բան նույնն է մնում, ինչպես եղել է աշխարհի ստեղծագործությունից հետո» (Բ Պետրոս 3.3,4): Մի՞թե այսօր մեր երկրում չենք լսում այդ նույն խոսքերը ոչ միայն բացահայտ անաստվածների, այլ նաև շատ քարոզիչների շուրթերից: «Անհանգստանալու կարիք չկա,- բացականչում են նրանք,- նախքան Քրիստոսի վերադարձը ամբողջ երկիրը պետք է դարձի գա, և արդարությունը պետք է իշխի հազար տարի: Խաղաղությու՜ն, խաղաղությու՜ն, ամեն բան նույնն է մնում աշխարհի ստեղծագործությունից հետո: Թող ոչ ոքի չանհանգստացնի այդ խուճապարարների լուրը»: Սակայն հազարամյայի մասին այս ուսմունքը հակասում է Քրիստոսի և առաքյալների վարդապետությանը: Խորիմաստ էր Հիսուսի հարցը. «Սակայն մարդի Որդին գալիս’ արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա” (Ղուկաս 18.8): Եվ, ինչպես արդեն տեսանք’ Նա հայտնում է, որ աշխարհի վիճակը նույնն է լինելու, ինչ որ եղել է Նոյի օրերում: Պողոսը մեզ նախազգուշացնում է, որ անօրենությունն աճելու է վախճանի մոտեցմանը զուգընթաց. «Հոգին հայտնի ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և մտիկ կտան մոլար ոգիների ու դևերի վարդապետությունների», որ «վերջին օրերում չար ժամանակներ կգան» (Ա Տիմոթեոս 4.1, Բ Տիմոթեոս 3.1): Եվ նա ներկայացնում է մեղքերի մի ցնցող ցուցակ, որոնք բնորոշ կլինեն աստվածապաշտի կերպարանք ունեցող մարդկանց: ԱՄՋ 67.1

Երբ իրենց փորձության ժամանակը մոտեցավ ավարտին, մարդիկ ջրհեղեղից առաջ տրվեցին զվարճությունների և խրախճանքների: Հեղինակավոր անձինք ջանք չէին խնայում ժողովրդի ուշադրությու- նը հաճույքների և քեֆերի վրա կենտրոնացնելու համար, որպեսզի հանկարծ չընդունեն վերջին հանդիսավոր նախազգուշացումը: Չե՞նք տեսնում արդյոք այսօր էլ այդ նույն պատկերի կրկնությունը: Մինչ Աստծո ծառաները հռչակում են, որ ամեն ինչի վերջը մոտ է, աշխարհը թաղվում է զվարճությունների ու հաճույքների մեջ, որոնց անվերջանալի հոսքը, ներքաշելով մարդկանց իր շրջապտույտի մեջ, դրդում է անտարբեր մնալու Աստծո ճշմարտության նկատմամբ, որը նրանց կործանումից փրկելու միակ ուղին է: ԱՄՋ 67.2

Նոյի օրերում փիլիսոփաները պնդում էին, որ անհնար է աշխարհը կործանել ջրով: Նույնպես էլ այսօր’ գիտնականները փորձում են ապացուցել, որ աշխարհը չի կարող ոչնչացվել կրակով, այլապես դա կհակասի բնության օրենքներին: Բայց բնության Աստվածը’ դրա օրենքների Ստեղծողն ու Կառավարիչը, Իր ձեռքի գործերը կարող է ծառայեցնել Իր նպատակներին: ԱՄՋ 68.1

Երբ անվանի և իմաստուն մարդիկ, ի բավականություն իրենց, հավաստիացրին, որ աշխարհը չի կարող կործանվել ջրով, երբ ժողովրդի երկյուղը ցրվեց և ամենքը, Նոյի մարգարեությունը մոլորություն համարելով, նրան մոլեռանդի տեղ դրին, եկավ Աստծո գործելու ժամանակը: «Մեծ անդունդի բոլոր աղբյուրները ճեղքվեցին, և երկնքի պատուհանները բացվեցին”, և ծաղրողները կորան հեղեղի ջրերում: Իրենց պարծենկոտ գիտությամբ մարդիկ չափազանց ուշ համոզվեցին, որ իրենց իմաստությունը հիմարություն է, որ Օրենսդիրը մեծ է բնության օրենքներից, և որ Ամենակարողն Իր ծրագրերի իրականացման համար միջոցների պակասություն չի զգում: «Եվ ինչպես եղավ Նոյի օրերում”, ճիշտ «նույն կերպ էլ կլինի այն օրը, երբ մարդի Որդին կհայտնվի» (Ղուկաս 17.26,30): «Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա, որում երկինքը շառաչյունով կանցնի, և տարերքը կրակով վառված կհալվեն, երկիրը և նրանում եղած բաներն էլ կայրվեն” (Բ Պետրոս 3.10): Երբ գիտական տեսությունները կցրեն վախն Աստծո դատաստանների հանդեպ, երբ կրոնական ուսուցիչները կքարոզեն խաղաղության ու բարգավաճման երկար հարյուրամյակների մասին, և աշխարհը կլանված կլինի իր գործարքներով ու հաճույքներով, տնկելով ու շինելով, տոնախմբություններով ու քեֆերով’ մերժելով Աստծո նախազգուշացումները և ծարրելով Նրա լրաբերներին’ «այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կհասնի կորուստը... և նրանք չեն պրծնի” (Ա Թեսաղոնիկեցիս 5.3): ԱՄՋ 68.2