Go to full page →

Սուրբ Հոգու պարգևները ՔԱ 258

Այն տաղանդները, որ Քրիստոսը վստահում է Իր եկեղեցուն, ներկայացնում են հատկապես Սուրբ Հոգու պարգևներն ու օրհնությունները: «Մեկին Հոգուց տրված է իմաստնության խոսք. և ուրիշին’ գիտության խոսք’ նույն Հոգու չափով: Մյուսին հավատք’ նույն Հոգով. ուրիշին բժշկության պարգևները’ նույն Հոգով: Ուրիշին զորությունների ներգործություններ. և ուրիշին այլևայլ լեզուներ. ուրիշին’ լեզուների թարգմանություններ: Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում’ ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է” (Ա Կորնթացիս 12.8-11): Բոլորին նույն պարգևները չեն տրվում, բայց Տիրոջ յուրաքանչյուր ծառայի Հոգու ինչ-որ պարգև է խոստացված: ՔԱ 258.4

Նախքան առաքյալներից հեռանալը’ Քրիստոսը «փչեց նրանց վրա և ասաց. Առեք Սուրբ Հոգին” (Հովհաննես 20.22): Դարձյալ Նա ասաց. «Եվ ահա ես իմ Հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա” (Ղուկաս 24.49): Բայց նրանք լիությամբ չստացան պարգևը, մինչև Նա չհամբարձվեց: Սուրբ Հոգին թափվեց աշակերտների վրա միայն այն բանից հետո, երբ նրանք հավատով ու աղոթքով ամբողջությամբ իրենց նվիրեցին Նրա գործին: Այդ ժամանակ, հատուկ իմաստով, երկնքի բարիքները հանձնվեցին Քրիստոսի հետևորդներին: «Վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը, և մարդկանց պարգներ տվեց”: «Մեր ամեն մեկիս տրված է շնորհք Քրիստոսի պարգևի չափի պես” (Եփեսացիս 4.8,7): Հոգին բաժանում է «ամեն մեկին... ինչպես կամենում է” (Ա Կորնթացիս 12.11): Պարգևներն արդեն մերն են Քրիստոսով, բայց որպեսզի իրոք տիրանանք դրանց, պետք է ընդունենք Աստծո Հոգին: [328] ՔԱ 259.1

Հոգու խոստումը չի գնահատվում ըստ արժանվույն: Դրա իրականացումն ըստ պատշաճի չի ընկալվում: Հոգու բացակայությունն է, որ Ավետարանի ծառայությունն այդպես անզոր է դարձնում: Գիտելիքները, տաղանդները, պերճախոսությունը, բոլոր բնական և ձեռքբերովի շնորհները կարող են առկա լինել, բայց առանց Աստծո Հոգու ներկայության ոչ մի սիրտ չի շարժվի, ոչ մի մեղավոր չի շահվի Քրիստոսի համար: Մյուս կողմից, եթե կապված լինեն Քրիստոսին, եթե տիրանան Հոգու պարգևներին, ապա Նրա աշակերտներից ամենաթշվառն ու ամենատգետն անգամ այնպիսի զորություն կունենա, որ կազդի սրտերի վրա: Աստված նրանց մի փող է դարձնում տիեզերքում մեծագույն ազդեցության ներգործման համար: ՔԱ 259.2