Go to full page →

Փրկության միակ հնարավոր ուղին ՀՊ 25

Հրեշտակները գետնատարած խոնարհվեցին Նրա առաջ: Նրանք իրենց կյանքն էին առաջարկում: Սակայն Հիսուսը բացատրեց նրանց, որ Իր մահով Նա կարող է շատերին փրկել, իսկ հրեշտակներից որևէ մեկի մահն անկարող էր հատուցել պարտքը: Մարդու համար միայն Իր անձը Հայրը կարող էր ընդունել որպես փրկագին: Հետագայում նրանք, ում Նա փրկելու է, Իր հետ պիտի լինեն, ու Իր մահով Նա շատերին պիտի ազատագրի և խափանի սատանային’ մահի իշխանությունն ունեցողին: Եվ Հայրը Նրան կտա թագավորությունը և համայն երկնքի տակ գտնվող թագավորության հզորությունը, և Նա տեր կլինի դրա ու կիշխի հավիտյանս հավիտենից: Սատանան և բոլոր մեղավորները կկործանվեն, որպեսզի այլևս երբեք անհանգստություն չպատճառեն երկնքին կամ մաքրագործված նոր երկրին: ՀՊ 25.1

Սակայն հրեշտակները նույնպես կարևոր առաքելություն ունեն: Նրանք պետք է ծառայեն Աստծո Որդուն երկրի վրա, պիտի երկինք բարձրանան ու այնտեղից ուժ տվող բալասան բերեն, որպեսզի սփոփեն Հիսուսին, թեթևացնեն Նրա տառապանքը: Նրանց հանձնարարված էր նաև պաշտպանել Աստծո բարեհաճությանն արժանացած մարդկանց, հեռու պահել նրանց չար հրեշտակներից և այն խավարից, որով սատանան մշտապես շրջապատում էր այդ մարդկանց: Աստված անկարող է կորչող, կործանվող մարդու փրկության համար փոխել կամ չեղյալ հայտարարել Իր օրենքը: Դա էր պատճառը, որ Նա տոկաց Իր սիրասուն Որդու մահը’ մարդու մեղքի համար: ՀՊ 25.2

Սատանան ու նրա հրեշտակները նորից ցնծության մեջ էին: Մարդուն մեղքի մղելով’ նրանք կարողացան Աստծո Որդուն իջեցնել Իր բարձր դիրքից: Սատանան ասաց իր հրեշտակներին, որ երբ Հիսուսն ընդունի ընկած մարդկային բնությունը, ինքը կկարողանա ընկճել ու հաղթել Նրան ու խանգարել փրկության ծրագրի իրականացմանը: ՀՊ 25.3

Ընկճված ու աննկարագրելի տխրությամբ՝ Ադամն ու Եվան հեռացան հիասքանչ պարտեզից, որտեղ այնքան երջանիկ էին եղել մինչև Աստծո պատվիրանը խախտելը: Մթնոլորտը փոխվել էր, օդի ջերմաստիճանն այլևս առաջվա նման չէր: Աստված նրանց կաշվե հանդերձներ հագցրեց, որպեսզի պաշտպանվեն ցրտից ու շոգից, որին ենթակա էին լինելու այսուհետև: ՀՊ 26.1