Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 3 ՏԱՐ ՈԳԻՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

    Կապը տեսանելի և անտեսանելի աշխարհների միջև, Աստծո հրեշտակների ծառայությունն ու չար ոգիների գործունեությունը պարզորոշ ներկայացված են Սուրբ Գրքում և անքակտելիորեն միահյուսված մարդկային պատմությանը: Այսօր չար ոգիների գոյությանն արդեն գրեթե չեն հավատում, իսկ սուրբ հրեշտակներին’ «ուղարկված սպասավորություն անելու նրանց, որ փրկությունը պիտի ժառանգեն» (Եբրայեցիս 1.14), համարում են մեռած մարդկանց հոգիներ: Սակայն Սուրբ Գիրքը ոչ միայն վկայում է բարի կամ չար հրեշտակների գոյության մասին, այլև անվիճելիորեն ապացուցում է, որ նրանք մեռած մարդկանց անմարմին հոգիները չեն:ՎՊ 23.1

    Հրեշտակները գոյություն ունեին դեռևս մինչև մարդու արարումը, քանի որ, երբ դրվում էին երկրի հիմքերը, «առավոտյան աստղերը միասին ցնծում էին, և Աստծո բոլոր որդիները գովաբանում էին” (Հոբ 38.7): Մարդու մեղանչումից հետո հրեշտակներ ուղարկվեցին պահպանելու կենաց ծառը, երբ դեռ ոչ մի մարդ չէր մեռել: Հրեշտակները բնությամբ գերազանց են մարդկանցից, ինչպես նշել է սաղմոսերգուն. «Մի քիչ ցածրացրիր նրան հրեշտակներից» (Սաղմոս 8.5):ՎՊ 23.2

    Սուրբ Գիրքը մեզ տեղեկացնում է երկնային էակների թվակազմի, զորության ու փառքի, ինչպես նաև Աստծո կառավարության ու փրկագնման գործի հետ նրանց առնչության մասին: «Տերը երկնքում հաստատեց իր աթոռը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին”: Եվ մարգարեն ասում է. «Շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի... շուրջը»: «Զորությամբ հզոր»‘ նրանք կանգնած են Արքաների Արքայի [512] ներկայությամբ, «նրա պաշտոնյաները, որ կատարում» են «նրա կամքը”‘ «նրա խոսքի ձայնը լսելով» (Սաղմոս 103.19-21, Հայտնություն 5.11): Դանիել մարգարեն տեսել էր «հազար հազարավոր և բյուր բյուրավոր” երկնային լրաբերների: Պողոս առաքյալը նրանց «բյուրավոր հրեշտակների շքախումբ» է կոչում (Դանիել 7.10, Եբրայեցիս 12.22): Որպես Աստծո լրաբերներ’ նրանք սլանում են «կայծակի կերպարանքով” (Եզեկիել 1.14), այնքան շլացուցիչ է նրանց փառքը և սրընթաց’ նրանց թռիչքը: Հրեշտակը’ «տեսքով փայլակի պես», իսկ «հագուստը’ ձյան պես սպիտակ», հայտնվելով Փրկչի գերեզմանի մոտ’ այնպես սարսափեցրեց պահապաններին, որ նրանք «մեռելի նման եղան» (Մատթեոս 28.3,4): Երբ Սենեքերիմը’ ամբարտավան ասորին, նախատեց ու հայհոյեց Աստծուն և սպառնաց կործանել Իսրայելը, «այն գիշեր դուրս եկավ Տիրոջ հրեշտակը և զարկեց ասորեստանցիների բանակում հարյուր ութսունհինգ հազար”: Հրեշտակը Սենեքերիմի բանակից «բնաջինջ արեց ամեն քաջ զորավորին, զորավարին և իշխանին... և նա ամոթով հետ դարձավ իր երկիրը» (Դ Թագավորաց 19.35, Բ Մնացորդաց 32.21):ՎՊ 23.3

    Հրեշտակներն ուղարկվում են Աստծո զավակների մոտ ողորմու- թյան առաքելությամբ: Նրանք եկան Աբրահամի մոտ’ օրհնության խոստումներով, գնացին Սոդոմ’ կործանումից փրկելու արդար Ղովտին, եկան Եղիայի մոտ, երբ նա հոգնած ու քաղցած մեռնում էր անապատում, հայտնվեցին Եղիսեին’ հրեղեն կառքերով ու ձիերով շրջապատելով փոքրիկ քաղաքը, որում նա շրջափակվել էր թշնամիների կողմից, օգնեցին Դանիելին, երբ նա աստվածային իմաստություն էր փնտրում հեթանոս արքայի պալատում ու երբ գցվեց առյուծների գուբը, եկան Հերովդեսի զնդանում մահվան մատնված Պետրոսի մոտ, հայտնվեցին Փիլիպպեի բանտարկյալներին, գիշերով այցելեցին Պողոսին ու նրա ուղեկիցներին’ փոթորկալից ծովի վրա, լուսավորեցին Կոռնելիոսի միտքը, որպեսզի նա ընդուներ Ավետարանը, Պետրոսին փրկության պատգամով ուղարկեցին անծանոթ հեթանոսի մոտ. այսպես սուրբ հրեշտակները բոլոր դարերում ծառայել են Աստծո ժողովրդին:ՎՊ 24.1

    Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի համար մի պահապան հրեշտակ է կարգված: Այս երկնային էակները պաշտպանում են արդարներին [513] չարագործի ուժից: Սատանան ինքն ընդունեց այս փաստը, երբ ասաց. «Մի՞թե Հոբը ձրի է աստվածավախ: Չէ՞ որ դու նրան, նրա տունը և նրա ամբողջ ունեցվածքը ցանկով շրջապատել ես» (Հոբ 1.9,10): Թե ինչպես է Աստված պաշտպանում Իր ժողովըր- դին’ ներկայացված է սաղմոսերգուի խոսքերում. «Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների չորս կողմով և փրկում նրանց » (Սաղմոս 34.7): Խոսելով Իրեն հավատացողների մասին’ Փրկիչն ասաց. «Զգույշ եղեք, որ այս փոքրերից մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում միշտ տեսնում են իմ Հոր երեսը, որ երկնքում է” (Մատթեոս 18.10): Հրեշտակները’ կարգված ծառայելու Աստծո զավակներին, ամեն ժամանակ ազատ մուտք ունեն Նրա մոտ:ՎՊ 24.2

    Այսպիսով Աստծո ժողովրդին, չարի բոլոր ուժերի դեմ իր պայքա- րում, խավարի իշխանի գայթակղիչ զորության ու մշտարթուն չարության դեմ երկնային հրեշտակների չընդհատվող պաշտպանության հավաստիացում է տրված: Եվ դրա կարիքն իսկապես կա: Աստված Իր զավակներին շնորհի և պաշտպանության խոստում է տվել, քանի որ նրանք հանդիպելու են չարի հզոր ուժերին, որոնք բազմաթիվ են, վճռական ու անխոնջ, և չիմանալով կամ անտեսելով նրանց չարությունն ու զորությունը’ ոչ ոք չի կարող անվտանգ լինել:ՎՊ 24.3

    Չար ոգիները, որ սկզբում ստեղծվել էին անմեղ, իրենց բնությամբ, զորությամբ ու փառքով հավասար էին այն սուրբ էակներին, որոնք հիմա Աստծո լրաբերներն են: Բայց մեղանչելով’ նրանք միավորվել են Աստծուն անպատվելու և մարդկանց կործանելու համար: Միանալով սատանայի ապստամբությանը և նրա հետ միասին վտարվելով երկնքից’ նրանք հաջորդ բոլոր դարերի ընթացքում գործակցել են նրան աստվածային իշխանության դեմ պատերազմում: Սուրբ Գիրքը մեզ պատմում է նրանց դաշնակցության ու կառավարության, նրանց տարբեր աստիճանների, նրանց մտավոր կարողության ու խորամանկության, ինչպես նաև մարդկանց խաղաղության ու երջանկության դեմ նրանց չար նպատակների մասին:ՎՊ 25.1

    Հին Կտակարանը հազվադեպ է հիշատակում չար ոգիների գոյության ու նրանց գործունեության մասին, բայց նրանք իրենց ուժն ամենացայտուն կերպով դրսևորեցին այն ժամանակ, երբ Քրիստոսն այս երկրում էր: Քրիստոսը եկել էր իրագործելու [514] մարդու փըր- կության ծրագիրը, և սատանան վճռեց պաշտպանել աշխարհին իշխելու իր իրավունքը: Նրան հաջողվել էր կռապաշտություն հաստատել երկրի բոլոր մասերում, բացի Պաղեստինից: Քրիստոսը եկավ այն միակ երկիրը, որը դեռ ամբողջովին չէր հանձնվել գայթակղիչի իշխանությանը, երկնային լույսով ողողելու ժողովրդին: Այստեղ երկու ախոյան ուժերն ընդհարվեցին գերիշխանության համար: Հիսուսը մեկնեց իր սիրո ձեռքերը’ հրավիրելով բոլոր կամեցողներին ներում և հանգիստ գտնելու Իր մեջ: Խավարի զորքերը տեսան, որ իրենց իշխանությունն անսահման չէ և հասկացան, որ եթե Քրիստոսի առաքելությունը հաջողությամբ պսակվի, իրենց կառավարմանը շուտով վերջ կդրվի: Սատանան զայրացավ շղթայակապ առյուծի պես և արհամարանքով իր իշխանությունը ցույց տվեց մարդկանց մարմինների և հոգիների վրա:ՎՊ 25.2

    Այն փաստը, որ դևերն իշխում էին մարդկանց, հստակորեն նըշ- ված է Նոր Կտակարանում: Այդ մարդիկ սովորական հիվանդությամբ չէ, որ տառապում էին: Քրիստոսը լիովին հասկանում էր, թե ում հետ գործ ուներ, և տեսնում էր չար ոգիների անմիջական ներկայությունն ու ազդեցությունը:ՎՊ 25.3

    Գադարայի դիվահարների բժշկության աստվածաշնչյան պատմությունը վառ օրինակ է ինչպես այդ ոգիների թվակազմի, ուժի և չարակամության, այնպես էլ Քրիստոսի զորության ու ողորմության մասին: Այդ թշվառ մոլագարները, գազազած փշրելով ամեն մի շղթա և փրփրած բերաններով ջղաձգվելով’ օդը լցնում էին իրենց աղաղակներով’ վերքեր հասցնելով իրենց և սպառնալով բոլորին, ովքեր կմոտենային իրենց: Նրանց արյունոտ, այլանդակված մարմիններն ու մթագնած միտքը մի տեսարան էր, որը մեծ հաճույք էր պատճառում խավարի իշխանին: Այս տառապյալներին իշխող դևերից մեկը հայտարարեց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք” (Մարկոս 5.9): Հռոմեական բանակում լեգեոնը կազմված էր երեքից հինգ հազար հոգուց: Սատանայի զորքը նույնպես գործում է խմբերով, և խումբը, որին պատկանում էին այդ դևերը, թվով լեգեոնից պակաս չէր:ՎՊ 26.1

    Հիսուսի հրամանով չար ոգիները հեռացան իրենց զոհերից’ թողնելով նրանց հանդարտ նստած Փրկչի ոտքերի մոտ’ հնազանդ, բանական ու մեղմ: Բայց դևերին [515] թույլ տրվեց ծովը գցել խոզերի մի ամբողջ երամակ: Գադարացիներն այս կորուստն ավելի մեծ համարեցին, քան Քրիստոսի շնորհած օրհնությունը, և աստվածային Բժշկին խնդրեցին, որ հեռանա: Հենց սա էր սատանայի նպատակը: Նրանց կորստի մեղքը գցելով Հիսուսի վրա’ նա եսասիրական վախ արթնացրեց ժողովրդի մեջ’ թույլ չտալով, որ լսեն Նրա խոսքերը: Կորստի, դժբախտության ու տառապանքի մեջ սատանան մշտապես մեղադրում է քրիստոնյաներին, որպեսզի նախատինքը չընկնի իր և իր գործակալների վրա:ՎՊ 26.2

    Սակայն Քրիստոսի ծրագրերը չխափանվեցին: Նա չար ոգիներին թույլ տվեց ոչնչացնել խոզերի երամակը’ որպես հանդիմանություն այն հրեաներին, ովքեր այս անմաքուր կենդանիներին պահում էին հանուն շահի: Եթե Քրիստոսը չզսպեր դևերին, նրանք ծովը կգցեին ոչ միայն խոզերին, այլ նաև դրանց պահողներին ու տերերին, ովքեր կենդանի մնացին միմիայն շնորհիվ Նրա զորության’ գթարտորեն գործադրված հանուն նրանց փրկության: Ավելին’ այս միջադեպը թույլ տրվեց, որպեսզի աշակերտները տեսնեն սատանայի դաժան իշխանությունն ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների վրա: Փրկիչը կամենում էր, որ Իր հետևորդները ճանաչեն իրենց թշնամուն, որպեսզի նրանք չխաբվեն ու չհաղթվեն նրա հնարքներից: Նա կամենում էր նաև, որ այդ շրջանի ժողովուրդը տեսներ սատանայի շղթաները փշրելու և նրա գերիներին ազատելու Իր զորությունը: Ու թեև Հիսուսն Ինքը հեռացավ, մարդիկ, որ այդպես հրաշքով փրկվել էին, մնացին’ հռչակելու իրենց Բարերարի ողորմությունը:ՎՊ 26.3

    Սուրբ Գրքում նման ուրիշ օրինակներ էլ կան: Փյունիկացի կնոջ դուստրը խիստ տառապում էր դևից, որին Հիսուսը դուրս հանեց Իր խոսքով (Մարկոս 7.26-30): «Կույր ու համր դիվահարը» (Մատթեոս 12.22), մի երիտասարդ’ բռնված համր ոգով, որը հաճախ նրան «կրակի և ջրի մեջ էր գցում, որ կործանի” (Մարկոս 9.17-27), այն դիվահարը, որ «պիղծ դևի ոգուց” (Ղուկաս 4.33-36) տանջվելով’ խանգարեց ժողովարանի շաբաթօրյա հանգիստը Կափառնայումում. բոլորն էլ [516] բժշկվեցին կարեկից Փրկչի կողմից: Գրեթե բոլոր դեպքերում Քրիստոսը դիմում էր դևերին որպես գիտակից էակների’ հրամայելով նրանց թողնել իրենց զոհերին և այլևս չտանջել նրանց: Տեսնելով Նրա հզոր ուժը’ Կափառնայումում երկրպագողները ապշած «իրար հետ խոսում էին և ասում. «Սա ինչ բան է, որ իշխանությունով ու զորությունով պիղծ ոգիներին սաստում է, և նրանք դուրս են զալիս»» (Ղուկաս 4.36):ՎՊ 27.1

    Դիվահարները սովորաբար ներկայացված են որպես մեծագույն տառապյալներ, սակայն եղել են նաև բացառություններ: Գերբնական ուժ ձեռք բերելու համար ոմանք ողջունել են սատանայական ազդեցությունը: Այդպիսիներն, իհարկե, չեն ընդհարվել դևերի հետ: Դրանցից էին, օրինակ, հարցուկ ոգի ունեցողները’ Սիմոն մոզը, կախարդ Եղիմասը և այն աղախինը, ով Փիլիպպեում հետևում էր Պողոսին ու Շիղային:ՎՊ 27.2

    Ոչ ոք ավելի մեծ վտանգի մեջ չէ չար ոգիների ազդեցությունից, քան նրանք, ովքեր, չնայած Սուրբ Գրքի հստակ ու բազմաթիվ վկայություններին, հերքում են սատանայի և նրա հրեշտակների գոյությունն ու գործունեությունը: Քանի դեռ անտեղյակ ենք նրանց նենգությանը, նրանք գրեթե անպատկերացնելի առավելություն ունեն: Շատերը հետևում են նրանց առաջարկներին, մինչդեռ կարծում են, թե իրենց իմաստությամբ են շարժվում: Ահա թե ինչու է սատանան ամենուրեք անհավատություն սփռում իր գոյության նկատմամբ, որքան ավելի է մոտենում ժամանակի վերջը, երբ նա պիտի գործի մեծագույն զորությամբ’ խաբելու և կործանելու համար: Նրա քաղաքականությունն է’ թաքնվել և թաքցնել իր գործելաձևը:ՎՊ 27.3

    Մեծ խաբեբան ոչնչից այնքան չի վախենում, որքան իր խորամանկ հնարքների մերկացումից: Իր իսկական էությունն ու նպատակներն ավելի լավ քողարկելու համար նա այնպես է իրեն ներկայացրել մարդկանց, որ ծաղրից ու արհամարհանքից բացի ուրիշ ոչ մի զգացում չառաջացնի: Նա շատ զոհ է, երբ իրեն պատկերում են որպես անճոռնի ու զզվելի մի էակ’ կես-մարդ, կես-կենդանի, ու երբ լսում է, թե ինչպես են իր անունը ծաղրով ու ծիծաղով արտասանում նրանք, ովքեր իրենց խելամիտ ու լավատեղյակ են համարում: [517]ՎՊ 27.4

    Նա կատարյալ հմտությամբ քողարկել է իրեն, և հենց դրա համար են ամենուրեք հարցնում. «Իրո՞ք այդպիսի արարած գոյություն ունի”: Այն փաստը, որ կրոնական աշխարհն ընդունել է տեսություններ, որոնք հակասում են Սուրբ Գրքի պարզագույն վկայությանը, խոսում է սատանայի հաջողության մասին: Եվ քանի որ սատանան կարող է շատ հեշտությամբ վերահսկել այն մարդկանց միտքը, ովքեր անտեղյակ են նրա ազդեցությունից, Աստծո Խոսքը նրա նենգ գործունեության այդքան օրինակներ է ներկայացնում’ բացահայտելով մեզ նրա գաղտնի ուժերը և դրդելով զգուշանալ նրա հարձակումներից:ՎՊ 28.1

    Սատանայի և նրա զորքի ուժն ու չարամտությունը կարող էին իրոք տագնապեցնել մեզ, եթե հնարավորություն չունենայինք ապաստարան ու փրկություն գտնել Փրկչի ավելի գերազանց զորության մեջ: Մենք մեր տների դռները փակում ենք սողնակներով ու փականքներով’ մեր ունեցվածքն ու կյանքը չարագործներից պաշտպանելու համար, սակայն հազվադեպ ենք մտածում չար հրեշտակների մասին, որոնք անդադար փորձում են մոտենալ մեզ և ում հարձակումներին մենք սեփական ուժերով անկարող ենք դիմակայել: Եթե թույլ տրվեր, նրանք կշեղեին մեր միտքը, կտանջեին մեր մարմինը, կկործանեին մեր ունեցվածքն ու կյանքը: Նրանց միակ հաճույքը թշվառությունն ու ավերածությունն է: Սարսափելի է նրանց վիճակը, ովքեր, հակառակ Աստվածային պահանջներին, հանձնվում են սատանայի փորձություններին, մինչև որ Աստված մատնում է նրանց չար ոգիների վերահսկողությանը: Բայց նրանք, ովքեր հետևում են Քրիստոսին, մշտապես ապահով են Նրա պահպանության ներքո: Հրեշտակները, որ զորությամբ գերազանց են, երկնքից ուղարկվում են պաշտպանելու նրանց: Չարագործը անկարող է ճեղքել այն պահակախումբը, որով Աստված շրջապատել է Իր ժողովրդին: [518]ՎՊ 28.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents