Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Գլուխ 2—Չգերազանցված աշխատանք

    Հոգիներ շահելու հաջող ծառայությունը։ Գրական ավե-տարանիչների աշխատանքը, ճիշտ կատարելու դեպքում, ամենա բարձր կարգի ավետարանչական աշխատանք է: Դա մարդկանց մեր ժամանակների կարևոր ճշմարտություններին ծանոթացնելու առավել գործուն և հաջող միջոցն է: Հնարավոր չէ հովվական ծառայության կարևորությունը նվազեցնել, սակայն կյանքի հացի կարիքն ունեցող շատ մարդիկ հնարավորություն չունեն Աստծո Խոսքը լսելու ուղարկված քարոզիչների շուրթերից: Ուստի կարևոր է, որ մեր հրապարակումները լայն տարածում ունենան: Այդ կերպ ուղերձը կհասնի այնտեղ, ուր քարոզիչը չի կարող հասնել, և շատերի ուշադրությունը կսևեռի մեր աշխարհի պատմության ավարտական գործողությունների կարևոր իրադարձություններին:CMArm 13.1

    Աստծո կողմից նշանակված գործը: Աստված նախատեսել է, որ գրական ավետարանիչների աշխատանքը միջոց դառնա և օգնի մարդկանց’ ծանոթանալու մեր գրքերում պարունակվող լույսին: Ուստի, նրանք պետք է գիտակցեն, որ առանց հապաղելու պետք է մարդկանց ծանոթացնել այն գրքերին, որոնք անհրաժեշտ են նրանց հոգևոր դաստիարակության և լուսավորման համար: Հենց այդ աշխատանքն է ներկա ժամանակում Աստված հանձնարարել Իր ժողովրդին: Աստծուն նվիրաբերված գրական ավետարանիչները շտապում են’ աշխարհին հայտնելու վերջին նախազգուշացնող լուրը: Այդ գործը պետք է գնահատել ու արժևորել, քանի որ առանց գրական ավետարանիչների ջանքերի շատ մարդիկ երբեք չէին լսի նախազգուշացման լուրը: (Վկայություններ եկեղե ցու համար, հ.6, 313 [1900]):CMArm 13.2

    Ամենակարևոր գործը։ Եթե հնարավոր լիներ մի աշխատանքը մյուսից բարձր դնել, ապա առավել կարևոր կլիներ մեր հրապարակումները մարդկանց հասցնելը, որը նրանց կդրդեր քննել Սուրբ Գիրքը: Մեր գրականությունը ընտանիքներին տանող ավետարանչական աշխատանքը, մարդկանց հետ և նրանց համար աղոթքները, հորդորները’ այս բոլորը բարի գործ են, որ աշխատողներին նախապատրաստում են հովվական գործունեությանը (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 390 [1880]):CMArm 13.3

    Երբ եկեղեցու անդամները գիտակցեն մեր գրականությունը տարածելու կարևորությունը, ավելի շատ ժամանակ կհատկացնեն այդ աշխատանքին: Մարդկանց տներում կհայտնվեն թերթեր, գրքույկներ ու գրքեր, որոնք իրենց մի քանի տողերում քարոզում են Ավետարանը... Եկեղեցին պետք է ուշադրություն հատկացնի գրական ավետարանչության ծառայությանը: Դա այն ճանապարհներից մեկն է, որով նա լույս է բերում այս աշխարհին: Եվ այդ ժամանակ նա կհայտնվի «գեղեցիկ’ լուսնի նման, մաքուր’ արեգակի պես, ահարկու’ դրոշակակիր զորքերի պես” (Ձեռագիր 113 [1901]):CMArm 14.1

    Վերածննդի կոչ ավետարանչության կարևորության վերաբերյալ։ Ես մշտապես խորհում եմ գրական ավետարանիչների գործունեության կարևորության մասին: Մի ժամանակ մասնագիտորեն էին կատարում այդ աշխատանքը, սակայն վերջին ժամանակներում այդ գործը կորցրել է իրեն հատուկ եռանդը, քանի որ գրատարներին հետ են կանչել ավետարանչական գործից’ ուրիշ ծառայությունների մասնակցելու համար: Այդպես չպետք է լինի: Մեր գրական ավետարանիչներից շատերը, եթե իսկապես վերածնված ու նվիրված մարդիկ լինեն, գործունեության հենց այդ ոլորտում կարող են առավել նշանակալի արդունքների հասնել’ մարդկանց ներկայացնելով մեր ժամանակների ճշմարտությունը:CMArm 14.2

    Մենք ունենք մոտալուտ վերջը ցույց տվող Աստծո Խոսքը: Աշխարհը պետք է նախազգուշացվի, մենք պետք է Քրիստոսի համագործակիցները լինենք, որպիսին նախկինում երբեք չենք եղել: Մեզ վստահված է նախազգուշացման աշխատանքը: Լույսի ուղիներ լինելով’ մենք պետք է կիսվենք այն լույսով, որը ստացել ենք լույսի մեծ Աղբյուրից: Բոլոր մարդկանց խոսքերն ու գործերը պետք է կանգնեն դատարանի առաջ: Եկեք չնահանջենք: Այն, ինչ անհրաժեշտ է անել աշխարհին նախազգուշացնելու համար, հարկավոր է անել անհապաղ: Չարհամարհենք գրական ավետարանչության գործը: Այնպես անենք, որ հնարավորինս շատ մարդիկ ստանան ներկա ժամանակների ճշմարտությունը լուսաբանող գրքերը: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 329 [1900]):CMArm 14.3

    Հովվական ծառայությանը հավասար կարևորությամբ։ Գրական ավետարանիչները պետք է աշխատեն երկրի տարբեր մասերում: Իր կարևորությամբ այս գործը հավասար է հովվական ծառայությանը: Մեր առջև դրված կարևոր աշխատանքը ավարտելու համար հավասարապես անհրաժեշտ են ինչպես խոսող քարոզիչ, այնպես էլ լռակյաց լրաբեր: (Ռևյու ընդ Հերալդ, ապրիլի 1, 1880):CMArm 15.1

    Մեր հրատարակումների տարածումը ավետարանչական աշ-խատանքի կարևոր և արդյունավետ ոլորտն է: Մեր հրատարա-կումները կարող են այնպիսի տեղեր հասնել, ուր անհնար է հավաքներ անցկացնել: Իր գործին հավատարիմ գրական ավետարանիչը նման վայրերում քարոզչի դերն է զբաղեցնում: Նրանց աշխատանքի շնորհիվ ճշմարտությունը բացվում է հազարավոր մարդկանց, ովքեր այլ կերպ երբեք չէին իմանա այն: (Ռևյու ընդ Հերալդ, հոկտեմբերի 7, 1902):CMArm 15.2

    Մենք չպետք է անհարկի ժամանակ վատնենք: Մեզ կարևոր գործ է հանձնարարված, և եթե մենք անհոգ ծառաներ լինենք, անպայման կկորցնենք երկնային վարձահատուցումը: Շատ քչերն են խորությամբ գիտակցում, թե ինչ կարելի է անել մարդկանց հասնելու համար, եթե իմաստուն կերպով և նվիրումով մոտենանք մեր գրականությունը տարածելու գործին: Նրանք, ովքեր հակված չեն քարոզչի ներկայացրած ճշմարտությունը լսելու, կվերցնեն գրքույկը կամ թերթը և կկարդան, ընթերցածից շատ բան արձագանք կգտնի նրանց մեջ, ինչը հետագայում կդրդի կարդալու նաև մնացածը: (Ռևյու ընդ Հերալդ, դեկտեմբերի 19, 1878):CMArm 15.3

    Սեփական պատասխանատվության գիտակցումը։ Վտանգ կա, որ մենք կարող ենք շահավաճառության մեջ ընկնել և այնքան խրվել աշխարհային ձեռներեցության մեջ, որ Աստծո Խոսքը մեր մեջ չի կենդանանա իր ողջ մաքրությամբ և զորությամբ: Այս աշխարհում գերիշխում է սերը առևտրի և եկամուտների հանդեպ: Եղբայրնե՜ր, ես ցանկանում եմ, որ դուք ճշմարիտ վերածննդի փորձառություն ձեռք բերեք: Այսօր մեզ անհրաժեշտ է գիտակցել մեր պատասխանատվությունը, որովհետև «ճշմարտությունը գլորվում է հրապարակում, և ազնվությունը չի կարողանում ներս մտնել”: Սատանան վայր է իջել, որպեսզի մեծ ուժով, «անիրավության ամեն խաբեբայություններով գործի կորուսյալների մեջ»: Այն ամենը, ինչ հնարավոր է կործանել, կկործանվի, միայն անշարժ բանը կմնա: Տերը շատ շուտով գալիս է, և մենք մտնում ենք մեծ արհավիրքների ժամանակաշրջանը: Սատանան, թեև անտեսանելի, աշխատում է մարդկային կյանքը կործանելու վրա: Բայց եթե մեր կյանքը Քրիստոսով պահված է Աստծո մեջ, մենք կտեսնենք Նրա շնորհն ու փրկությունը: Քրիստոսը կգա, որ Իր թագավորությունը հիմնի երկրի վրա: Թող մեր լեզուն սրբանա, որպեսզի Աստծո օգնությամբ կարողանանք փառաբանել Արարչին և գործել այնպես, ինչպես երբեք նախկինում: Մենք կանչված ենք հաստատակամություն դրսևորելու’ «ժամանակին լինի, թե ժամանակից դուրս” (Բ Տիմոթեոս 4.2): Մենք պետք է ճշմարտությունը ներկայացնելու նոր ճանապարհներ փնտրենք և օգտագործենք ցանկացած հնարավորություն’ մարդկանց Քրիստոսի մոտ տանելու համար:CMArm 15.4

    Մեզ անհրաժեշտ է նորից վերապրել վերածննդի փորձառությունը և մեր կյանքը նվիրաբերել Հիսուսի սովորեցրած ճշմարտության հռչակմանը: Գրականությունը տարածելով’ մենք կարող ենք ջերմ ու անկեղծ խոսել Փրկչի սիրո մասին: Միայն Աստված իշխանություն ունի մեղքերը ներելու, և եթե չապաշխարածներին չհամոզենք դրանում, մեր անհոգությունը կարող է կործանման տանել նրանց... Տերը մեզանից յուրաքանչյուրին կոչ է անում, որ ձգտենք փրկել կորչող հոգիները: Սատանան անգամ ընտրայլներին է փորձում գայթակղել, և այժմ հասել է այն պահը, երբ մենք պետք է աչալրջորեն աշխատենք: Մարդիկ պետք է ստանան մեր գրքերն ու թերթերը: Բոլոր քաղաքներում պետք է անհապաղ տարածվի ներկա ճշմարտության Ավետարանը: Մի՞թե ոտքի չենք կանգնի’ մեր պարտականությունը կատարելու համար: (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 62,63 [1909]):CMArm 16.1

    Աստծո գործը։ Գրական ավետարանիչը պետք է հիշի, որ հնարավորություն ունի «ցանել ամեն ջրերի մոտ»: Թող նա հիշի, որ վաճառելով ճշմարտությունը լուսաբանող գրքեր’ Աստծո գործն է կատարում, և իր ցանկացած տաղանդ պետք է օգտագործվի Տիրոջ փառքի համար: Տերը կլինի յուրաքանչյուրի հետ, ով ձգտում է ճանաչել ճշմարտությունը, որպեսզի այն հստակ կերպով ներկայացնի ուրիշներին: Աստված պարզ ու հստակ հռչակել է. «Եվ Հոգին և հարսն ասում են. Եկ. և լսողն ասի. Եկ» (Հայտնություն 22.17): Մենք չպետք է դանդաղենք’ հորդորելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, որպեսզի նրանց բերենք ճշմարտության գիտակցմանը, որ Հիսուս Քրիստոսի մեջ է: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 314,315 [1900]):CMArm 16.2

    Դետեր և պատգամաբերներ։ Եկել է ժամանակը, երբ գրական ավետարանիչները պետք է հսկայական աշխատանք կատարեն: Աշխարհն ընկղմված է քնի մեջ, և գրական ավետարանիչները դետերի նման պետք է հնչեցնեն զանգը, որպեսզի քնածներին զգուշացնեն վտանգի մասին: Եկեղեցիները չգիտեն իրենց այցելության ժամը: Հաճախ նրանք կարող են ավելի պարզորոշ հասկանալ ճշմարտությունը’ գրական ավետարանիչների ջանքերի շնորհիվ: Տիրոջ անունով առաջ գնացողները Նրա լրաբերներն են: Նրանք լուր ունեն փոխանցելու խավարի ու մոլորության մեջ մնացած մարդկանց: Դա Քրիստոսի միջոցով փրկության լուրն է Աստծո օրենքին հնազանդվելու միջոցով: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 315 [1900])CMArm 17.1

    Տեսնելով հոգիների վերածնունդը։ Գրական ավետա-րանիչները պետք է առաջ գնան Աստծո խոսքով զինված: Պատ-վիրանները պահելով և ուրիշներին էլ սովորեցնելով, որ պահեն դրանք, կպարգևատրվեն հոգիների վերածնունդը տեսնելով: Նրանք պետք է հիշեն նաև, որ ճշմարտապես վերածնված մի հոգին կարող է ուրիշ մարդկանց էլ բերել Քրիստոսի մոտ: Այսպիսով, գրական ավետարանիչների աշխատանքը նոր տարածքներ կընդգրկի (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 315 [1900]): CMArm 17.2

    Որքան որ փորձության ժամանակը տևի։ Որքան շարունակվի փորձության ժամանակը, գրական ավետարանիչները այնքան գործելու ժամանակ կունենան: Երբ կրոնական հարանվանությունները միանան պապականությանը’ Աստծո ժողովրդին հալածելու համար, այն վայրերը, որտեղ դեռևս դավանանքի ազատություն կա, գրական ավետարանիչների համար բաց կլինեն: Եթե մի վայրում հալածանքները սաստկանան, աշխատակիցները պետք է վարվեն Քրիստոսի պատվերի համաձայն. «Եվ երբ որ հալածեն ձեզ այս քաղաքում, փախեք ուրիշը»: Եթե հալածանքներն այնտեղ էլ վրա հասնեն, նրանք մեկ ուրիշ տեղ պետք է գնան: Աստված կառաջնորդի Իր ժողովրդին’ հալածանքները օրհնության վերածելով, քանի որ, եթե հետապնդումները չլինեին, ճշմարտությունը հռչակելու համար նրանք այդքան հեռուները չէին ցրվի: Եվ Քրիստոսը հռչակում է. «Չեք վերջացնի Իսրայելի քաղաքները, մինչև որ մարդի Որդին կգա” (Մատթեոս 10.13): Աշխատանքի հա-մար տեղեր և լուրը ընդունելու համար բաց սրտեր միշտ կգտնվեն, մինչև որ երկնքում չհնչի «Կատարվեց” խոսքը: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 478 [1900]):CMArm 17.3

    Հսկայական աշխատանք է սպասվում, պետք է անել հնարավորը, որպեսզի մարդիկ Ճանաչեն Քրիստոսին որպես ներող Փրկիչ, որպես մեր մեղքերը Կրող, որպես առավոտյան պայծառ Աստղ, և Տերը մեր հանդեպ բարեհաճություն կտա աշխարհին մինչև մեր աշխատանքի ավարտը: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 20,21 [1900]):CMArm 18.1

    Չկա ավելի վեհ աշխատանք։ Գրական ավետարանչի աշ-խատանքից ավելի վեհ գործ չկա, քանի որ այդ գործը բարոյական վսեմագույն պարտք է պահանջում: Այդ գործի մասնակիցները պետք է մշտապես Աստծո Հոգու ղեկավարության տակ գտնվեն: Այդ գործում ինքնամեծարման համար տեղ չկա: Ինչ որ ունենք, Քրիստոսից ենք ստացել: Մենք պետք է սիրենք միմյանց եղբայրական սիրով, ինչը արտահայտվում է փոխադարձ օգնության մեջ: Մենք պետք է կարեկցանք դրսևորենք, լինենք բարեկիրթ ու համախմբված և հավասար ջանքեր գործադրենք ընդհանուր գործը կատարելու համար: Միայն նրանք, ովքեր աղոթքով են ապրում և այն իրականացնում կյանքում, կդիմանան աշխարհին վրա հասնող փորձությանը: Իրենց մեծարողները սատանայի իշխանությանն են հանձնվում’ նրա կեղծիքն ընդունելով: Իր ժողովրդին ուղղված Աստծո Խոսքը դրդում է ավելի ու ավելի վեր բարձրացնել ճշմարտության դրոշը: Եթե մենք հնազանդվենք Նրա ձայնին, Նա չի լքի մեզ, և մեր բոլոր ջանքերը հաջողությամբ կպսակվեն: Աշխատելով’ մենք վերևից առատ օրհնություններ կստանանք և գանձերը Աստծո գահի առաջ կդնենք:CMArm 18.2

    Եթե միայն իմանայինք, թե ինչ է սպասվում մեզ, այդքան դան-դաղկոտ չէինք լինի Աստծո գործը կատարելու մեջ:CMArm 18.3

    Պատասխանատու ենք այն աշխատանքի համար, որը կարող էինք կատարել: Մենք ապրում ենք ցնցումների ժամանակաշրջանում, երբ անկայուն ամեն բան կսասանվի: Տերը չի ների նրանց, ովքեր, ճշմարտությունն իմանալով, Նրա պատվերները չեն կատարի խոսքով և գործով: Եթե ոչ մի ջանք չենք գործադրում Քրիստոսի համար հոգիներ ձեռք բերելու նպատակով, մենք պատասխան կտանք այն աշխատանքի համար, որը կարող էինք անել, սակայն մեր հոգևոր ծուլության պատճառով չենք կատարել: Նրանք, ովքեր Տիրոջ թագավորությանն են պատկանում, պետք է նախանձախնդիր կերպով աշխատեն հոգիներ ձեռք բերելու համար: Նրանք պետք է կատարեն օրենքի հաստատման և աշակերտների մեջ այն տպավորելու իրենց բաժին գործը:CMArm 18.4

    Ո՞վ կգնա: Տերը ցանկանում է, որ Սուրբ Գրքի միջոցով տրվող լույսը շողա պարզ ու վառ շողերով, և հենց մեր գրական ավետա-րանիչների պարտքն է, որ իրենց ջանքերը միաբանելով’ իրագործեն Աստծո մտադրությունը: Մեր առջև մեծ ու կարևոր աշխատանք է դրված: Մարդկանց թշնամին հասկանում է դա և իր բոլոր միջոցներն օգտագործում գրական ավետարանչին դրդելու, որ ցանկացած այլ աշխատանք կատարի: Գործերի նման վիճակը փոփոխություն է պահանջում: Աստված կոչ է անում գրական ավետարանիչներին, որ վերադառնան իրենց աշխատանքին: Նա կանչում է կամավորների, ովքեր պատրաստ են գործի մեջ դնել իրենց ողջ կորովը և օգնել նման հնարավորության դեպքում: Ամենակալը յուրաքանչյուր քրիստոնյայի կոչ է անում կատարել ընդհանուր գործի իր մասը’ իր տաղանդներին համապատասխան: Ո՞վ կարձագանքի այդ կոչին: Ո՞վ կգնա աշխատելու հանուն մոտիկների և հեռավորների’ իմաստությամբ, շնորհով և Քրիստոսի սիրով: Ո՞վ կզոհաբերի հանգիստն ու հաճույքները, որպեսզի գնա այնտեղ, որտեղ տիրում են մոլորությունը, սնոտիապաշտությունն ու խավարը: Ջանասիրաբար և համառորեն աշխատի’ անցնելով մի տնից մյուսը, պարզորոշ ներկայացնի ճշմարտությունը և հավատով ու աղոթքով դիմի Աստծուն: Մեր ժամանակում ո՞վ է պատրաստ գնալու’ չունենալով ապաստան, ո՞վ է պատրաստ անարգանք տանելու հանուն Քրիստոսի, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ մարդկանց բացի Սուրբ Գիրքը և ապաշխարության կոչ անի:CMArm 19.1

    Աստծո համագործակիցների մեջ կան տարբեր տարիքի մարդիկ: Ոչ մի կոչ անպատասխան չի մնում: Ուստի, երբ աստվածային ձայնը կոչ է անում. «Որի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար”, - անմիջապես լսվում է պատասխանը. «Ահա ես, ի'նձ ուղարկիր» (Եսայի 6.8): Նրանք, ովքեր գրական ավետարանչության ոլորտում գործում են ջերմեռանդորեն, թող գիտակցեն իրենց սրտերում, որ մեր ժամանակների ճշմարտությունը չիմացող հոգիներին ծառայելով, Տիրոջ գործն են կատարում: Նրանց ջանքերի շնորհիվ նախազգուշացումները հնչում են ինչպես լայն ճանապարհներին, այնպես էլ նեղ կածաններին’ մարդկանց նախապատրաստելով Տիրոջ մոտալուտ գալուստի մեծ օրվան: Մենք կորցնելու ժամա նակ չունենք: Մենք պետք է օժանդակենք այդ աշխատանքին: Ո՞վ է պատրաստ’ տարածելու մեր հրատարակումները:CMArm 19.2

    Տերը Իր հետ համագործակցող յուրաքանչյուր անձի աշխատելու ընդունակությամբ է օժտում: Ամեն անհրաժեշտը’ ընդունակությունները, արիությունը, հաստատակամությունը, հավատը և նրբազգացությունը կգան, երբ նրանք Աստծո հավատի զրահազգեստը հագնեն: Աշխարհում հսկայական աշխատանք պետք է կատարվի, և մարդիկ անպայման կարձագանքեն այս պահանջին: Աշխարհը պետք է լսի նախազգուշացումը: Երբ հնչում է կոչը. «Որի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար”,պարզ և որոշակի պատասխանեք. «Ահա’ ես, ի'նձ ուղարկիր» (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 331-333 [1900]):CMArm 19.3

    Անփույթ դիտորդների դիտողությունները։ Անփույթ դի-տորդները կարող են ձեր աշխատանքը չգնահատել և չհասկանալ դրա կարևորությունը: Նրանք դա կարող են համարել ձախողման դատապարտված նախաձեռնություն, ինքնազոհություն պահանջող անշնորհակալ աշխատանք: Սակայն Քրիստոսի ծառան դրան նայում է խաչից փայլատակող լույսի ներքո: Գրատարին իր զոհաբերությունները բոլորովին աննշան են երևում’ իր Տիրոջ զոհաբերության համեմատ: Նման ծառան գոհությամբ կգնա Քրիստոսի հետքերով: Գործի հաջողությունը աշխատողին ճշմարիտ ուրախություն է բերում և արժանի հատուցում է համբերությամբ ու ջանասիրությամբ լի կյանքի դիմաց: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 340 [1900]):CMArm 20.1

    Ժամանակ չկորցնել։ Գրական ավետարանչի գործունեությունը հսկայական պատասխանատվությամբ և նշանակությամբ [15] լի աշխատանք է: Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել: Մեզ հիանալի հնարավորություն է տրված, որ կանչենք մարդկանց’ մասնակցելու Քրիստոսի պատրաստած Ընթրիքին: Նրանք, ովքեր մեր ժամանակներում ջանասիրությամբ ու նվիրվածությամբ կկանգնեն գրական ավետարանիչների շարքերում, կստանան առատ օրհություններ: Դուք չպետք է ժամանակ կորցնեք: Հոժարությամբ ու անշահախնդիր կերպով նվիրվեք այդ աշխատանքի կատարմանը: Հիշեք, որ այդ ավետարանչական ծառայությունը կօգնի հռչակելու աշխարհին այնքան անհրաժեշտ նախազգուշացման լուրը: (Ձեռագիր 113 [1901]): CMArm 20.2