Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 28 - ԵԶԵԿԻԱ

    *****

    Աքազի անխոհեմ կառավարմանը խիստ հակադրվեց նրա որդու’ ծաղկուն թագավորության ժամանակ իրականացված բարենորոգումը: Եզեկիան գահ բարձրացավ’ վճռելով հնարավորինս ամեն ինչ անել’ Հուդան Հյուսիսային թագավորությանը բաժին հասած ճակատագրից փրկելու համար: Մարգարեների ուղերձները չէին առաջարկում կիսատ-պռատ փոփոխություններ, այլ միայն ամենավճռական բարեփոխումներ’ սպառնալից դատաստաններից խուսափելու համար:ՄԹ 245.1

    Այս ծայրահեղ իրավիճակում Եզեկիան իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես մարդ: Գահ բարձրանալով’ նա անմիջապես սկսեց ծրագրել և իրագործել: Նախ նա որոշեց վերականգնել մինչ այդ անուշադրության մատնված տաճարի ծառայությունները: Այդ գործում նա ջերմեռանդորեն հայցում էր սուրբ կոչմանը հավատարիմ մնացած քահանաների և ղևտացիների համագործակցությունը: Վստահելով նրանց հավատարիմ աջակցությանը’ անկաշկանդ խոսեց նրանց հետ’ անհապաղ և հեռահար բարեփոխումներ իրականացնելու իր նպատակի մասին: «Մեր հայրերը ապստամբուեցին,խոստովանեց նա,եւ չարութիւն արին մեր Տէր Աստուծոյ աչքի [331] առաջին, եւ նորան թողեցին, եւ շրջեցին իրանց երեսը Տիրոջ խորանիցը եւ արհամարհեցին»: «Հիմա իմ սրտինը սա է, որ ուխտ անենք Իսրայէլի Տէր Աստուծոյ հետ, որպէս զի նորա բարկութեան բորբոքումը ետ դառնայ մեզանից»: Բ Մնացորդաց 29.6, 10:ՄԹ 245.2

    Թագավորը հստակ ու պատկերավոր ներկայացրեց այն իրավիճակը, որի առաջ կանգնել էին’ գոց տաճար, որի տարածքներում դադարեցվել էին բոլոր ծառայությունները, ամոթալի կռապաշտություն քաղաքի փողոցներում և ամբողջ թագավորության մեջ, բազմաթիվ մարդկանց աստվածուրացություն, ովքեր կարող էին հավատարիմ մնալ Աստծուն, եթե Հուդայում ունենային օրինակելի առաջնորդներ, ինչպես նաև թագավորության անկում և հեղինակության կորուստ շրջակա ազգերի շրջանում: Հյուսիսային թագավորությունն արագ կերպով մասնատվում էր, շատերը սրից էին ընկնում, մի ստվար բազմություն արդեն գերի էր տարվել: Շուտով Իսրայելն ամբողջությամբ ընկնելու էր ասորացիների ձեռքը և կատարելապես ավերվելու էր, և վստահաբար այս նույն ճակատագիրն էր սպասվում նաև Հուդային, եթե Աստված զորությամբ չգործեր ընտրված մարդկանց միջոցով: ՄԹ 246.1

    Եզեկիան ուղղակիորեն դիմեց քահանաներին’ կոչ անելով միաբանվել իր հետ անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար: «Արդ, որդեակներս, անհոգութիւն մի անէք,հորդորեց նա նրանց,որովհետեւ Տէրը ձեզ ընտրեց, որ նորա առաջը կանգնէք նորան ծառայելու համար եւ նորան սպասաւորներ լինէք եւ խունկ ծխէք»: «Հիմա սրբուեցէք, եւ սրբեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ տունը»: Համարներ 11, 5:ՄԹ 246.2

    Ժամն էր արագ գործելու: Քահանաներն անմիջապես գործի անցան: Ցանկում ընդգրկելով նրանց, ովքեր ներկա չէին եղել այդ հանդիպմանը, նրանք սրտանց ներգրավվեցին տաճարի մաքրման ու սրբագործման [332] աշխատանքներում: Քահանաներն ու ղևտացիները մեծ դժվարությունների հանդիպեցին, քանի որ այն տարիներ շարունակ պղծվել և անուշադրության էր մատնվել, սակայն նրանք անդուլ աշխատում էին և աննախադեպ կարճ ժամանակամիջոցում թագավորին տեղեկացրին առաջադրանքն ավարտելու մասին: Տաճարի դռները վերանորոգվել և այժմ լայն բացված էին, սուրբ անոթները հավաքվել և իրենց տեղն էին դրվել, և ամեն ինչ պատրաստ էր սրբարանի ծառայությունները վերսկսելու համար:ՄԹ 246.3

    Անդրանիկ ծառայությունն իրականացվեց, և քաղաքի իշխանները միաբանվեցին Եզեկիա թագավորի և քահանաների ու ղևտացիների հետ’ խնդրելու ազգի մեղքերի ներումը: Զոհասեղանի վրա դրվեցին մեղքի պատարագները «բոլոր Իսրայէլին քաւելու համար»: «...Մինչեւ որ ողջակէզը վերջացրին. Թագաւորը եւ բոլոր նորա հետ գտնուողները ծռելով երկրպագութիւն արին»: Տաճարի բակում նորից հնչեցին փառաբանության և երկրպագության խոսքեր: Երկրպագողներն ուրախությամբ երգեցին Դավթի և Ասափի երգերը, երբ գիտակցեցին, որ ազատագրվում են մեղքի և ուրացության գերությունից: «Եւ ուրախացան Եզեկիան եւ բոլոր ժողովուրդը նորա վերայ, ինչ որ Աս-տուած պատրաստել էր ժողովրդի համար, որովհետեւ յանկարծ եղաւ այս բանը»: Համարներ 24, 28, 29, 36:ՄԹ 246.4

    Աստված, իհարկե, պատրաստել էր Հուդայի իշխանների սրտերը’ առաջ տանելու նախատեսված բարեփոխական շարժումը, որպեսզի հնարավոր լինի կասեցնել ուրացության ալիքը: Իր ընտրյալ մարդկանց միջոցով Աստված ուղարկել էր ջերմեռանդ խնդրանքների լուրը լուրի հետևից, որոնք սակայն Իսրայելի թագավորության տասը ցեղերն արհամարել և մերժել էին’ այժմ հայտնվելով թշնամու ձեռքում: Բայց Հուդայում մի աստվածապաշտ մնացորդ էր պահպանվել, և նրանց էր, որ մարգարեները շարունակում էին դիմել: Տեսե՜ք, թե ինչպես է Եսայիան հորդորում. «Ետ դարձէք դէպի նորան, որից [333] Իսրայէլի որդիքը շատ խոր ապստամբուեցին»: Եսայիա 31.6: Լսե՜ք, թե ինչպես է Միքիան վստահաբար հայտարարում. «Բայց ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յ ուսամ իմ փրկութեան Աստուծուն. ինձ պիտի լսէ իմ Աստուածը: Մի ուրախանար ինձ վերայ, ով իմ թշնամի, որովհետեւ թէեւ ընկնեմ, վեր կ’կենամ, թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ լոյս կ՛լինի: Տիրոջ ցասումը պիտի կրեմ, (որ նորա դէմ մեղք եմ գործել,) մինչեւ որ նա պաշտպանէ իմ դատը եւ ինձ իրաւունք անէ, ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ»: Միքիա 7.7-9:ՄԹ 247.1

    Աստծո’ սրտի ողջ ցանկությամբ Իրեն դարձողներին ներելու և ըն-դունելու ցանկությունը բացահայտող այս և նույնանման այլ ուղերձներ հույս էին բերել մութ ու խավար տարիներին թուլացած շատ հոգիների, երբ տաճարի դռները փակ էին, և հիմա, երբ իշխաններն սկսեցին բա-րեփոխում իրականացնել, մեղքի ստրկությունից հոգնած մարդկանց մի մեծ բազմություն պատրաստ էր արձագանքելու:ՄԹ 247.2

    Նրանց համար, ովքեր մտան տաճարի բակը’ ներում գտնելու և Եհովայի հետ հավատարմության ուխտը նորոգելու համար, հնչեցին քաջալերական հրաշալի խոսքեր Աստվածաշնչի մարգարեական գրքերից: Մովսեսի միջոցով համայն Իսրայելի ականջին հնչած լուրջ նախազգուշացումներն’ ընդդեմ կռապաշտության, ուղեկցվել էին մարգարեություններով: Դրանք վկայում էին, որ Աստված պատրաստակամ է լսելու և ներելու Իրեն ամբողջ սրտով փնտրողներին: Եթե «դու քո Եհովայ Աստուծուն դառնաս,ասել էր Մովսեսը,եւ նորա ձայնին լսես, ըստ որում քո Եհովայ Աստուածը ողորմած Աստուած է, նա քեզ չի թողիլ, եւ քեզ չի փչացնիլ. եւ քո հայրերին երդում արած ուխտը չի մոռանալ»: Երկրորդ օրինաց 4.30, 31: [334]ՄԹ 247.3

    Եվ տաճարի նվիրաբերման ժամանակ հնչած մարգարեական աղոթքում, որի ծառայությունները Եզեկիան և նրա ընկերներն այժմ վերականգնում էին, Սողոմոնն ասել էր. «Եթէ քո ժողովուրդ Իսրայէլը քեզ դէմ մեղանչելուն համար իրանց թշնամիների առաջին յաղթուին, եւ դէպի քեզ դառնան եւ քո անունին փառք տան, եւ աղօթեն եւ աղերսեն դէպի քեզ այս տանը, այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո Իսրայէլ ժողովրդի մեղքը»: Գ Թագավորաց 8.33, 34: Աստվածային հաստատման կնիքը դրվեց այս աղոթքի վրա. դրա ավարտին կրակն իջավ երկնքից’ սպառելով ողջակեզը և զոհաբերությունը, և Տիրոջ փառքը լցրեց տաճարը: Տե’ս Բ Մնացորդաց 7.1: Եվ գիշերը Տերը հայտնվել էր Սողոմոնին’ ասելու, որ նրա աղոթքը լսվել է, և կողորմա նրանց, ովքեր կերպրպագեն այնտեղ: Տրվեց մի գթառատ հա-վաստիացում. «Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը»: Համար 14:ՄԹ 248.1

    Այս խոստումներն իրենց լիարժեք իրականացումը գտան Եզեկիայի օրոք տեղի ունեցած բարեփոխումների ժամանակ:ՄԹ 248.2

    Տաճարի մաքրագործմամբ նախաձեռնված բարի սկզբին հաջորդեց ավելի լայն շարժում, որին մասնակցում էր և’ Իսրայելը, և’ Հուդան: Եզեկիան նախանձախնդիր էր’ ժողովրդի համար իսկական օրհնություն դարձնելու տաճարի ծառայությունները և նպատակ ուներ վերստին ծնունդ պարգևելու իսրայելացիների հնագույն սովորությանը, երբ հավաքվում էին միասին’ Զատիկը տոնելու համար:ՄԹ 248.3

    Տարիներ շարունակ Զատիկը չէր նշվել որպես ազգային տոն: Սո-ղոմոնի կառավարման ավարտին թագավորության բաժանումը, [335] թվում է, անիրագործելի դարձրեց այն: Սակայն տասը ցեղերին բաժին հասած սարսափելի դատաստանները որոշ մարդկանց սրտերում փա-փագ էին արթնացնում ավելի լավի հանդեպ, իսկ մարգարեների ազդու ուղերձներն ունենում էին իրենց արդյունքները: Արքունական սուր-հանդակները «քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի եւ Մանասէի երկրումը մինչեւ Զաբուղոն»‘ Երուսաղեմում կայանալիք Զատկի տոնի հրավերն ազդարարելով երկրի բոլոր կողմերում: Բարի հրավերն ազդարարարողներին [336] սովորաբար մերժում էին: Ամբարիշտները թեթևամտորեն էին վերաբերվում հրավերին, սակայն նրանք, ովքեր Աստծո կամքի ավելի հստակ գիտակցում էին փնտրում, «խոնարհուեցան ... եւ եկան Երուսաղէմ»: Բ Մնացորդաց 30.10, 11:ՄԹ 248.4

    Հուդայի երկրում արձագանքը համընդհանուր էր, քանի որ նրանց վրա էր «Աստուծոյ ձեռքը’ նորանց միասիրտ անելու համար, որ թա-գաւորի եւ իշխանների պատուէրը»‘ Աստծո մարգարեների միջոցով բացահայտված Նրա կամքի համապատասխան հրամանը կատարեին: Համար 12:ՄԹ 249.1

    Առիթը մեծագույն օրհնություն էր հավաքված բազմության համար: Քաղաքի պղծված փողոցները մաքրվեցին կռապաշտական սեղաննե-րից, որ տեղադրվել էին այնտեղ Աքազի կառավարման ժամանակ: Զա-տիկը պահվեց նշանակված օրը, և ժողովուրդը շաբաթն անցկացրեց’ խաղաղության զոհեր մատուցելով և սովորելով այն, ինչ Աստված էր ցանկանում սովորեցնել նրանց: Ամեն օր ղևտացիները ժողովրդին սո-վորեցնում էին «Տիրոջ բարի գիտութիւնը», և նրանք, ում սրտերը պատ-րաստ էին Տիրոջը փնտրելու, գտան ներում: Մեծ ուրախություն պատեց երկրպագողների բազմությանը, «եւ օրհնում էին Տիրոջը Ղեւտացիներն ու քահանաները ամեն օր Տիրոջ զօրութիւնը փառաբանելու գործիքներով»: Բոլորին միաբանել էր Նրան փառաբանելու ցանկությունը, Ով պարզվեց, որ այդքան գթառատ ու ողորմած է: Համարներ 21, 22:ՄԹ 249.2

    Սովորության համաձայն’ Զատիկի տոնակատարությանը հատ-կացվեց յոթ օր, որոնք անցան չափազանց արագ, և երկրպագողները որոշեցին մնալ ևս յոթ օր’ առավել լիակատար իմանալու Տիրոջ ճա-նապարհների մասին: Ուսուցիչ-քահանաները շարունակեցին իրենց ուսուցման գործը’ Օրենքի գրքի վերաբերյալ. ամեն օր ժողովուրդը հավաքվում էր տաճարում’ արտահայտելով իր փառաբանությունն ու երախտագիտությունը, և երբ մեծ հանդիպումը մոտեցավ ավարտին, [337] պարզ դարձավ, որ Աստված հրաշալի կերպով գործել է հեռացած Հուդային դարձի բերելու և ուրացության ալիքը կասեցնելու համար, որն սպառնում էր իր ճանապարհից քշել-տանել ամեն ինչ: Մարգարեների հանդիսավոր զգուշացումներն իզուր չէին հնչել: «Եւ Երուսաղէմումը մեծ ուրախութիւն կար. Որովհետեւ Իսրայէլի թագաւոր Դաւիթի որդի Սողոմոնի օրերից հետէ Երուսաղէմում սորա նմանը եղած չէր»: Համար 26:ՄԹ 249.3

    Մոտեցել էր երկրպագողների տուն վերադառնալու պահը: «Եւ վեր կացան Ղեւտացի քահանաները եւ օրհնեցին ժողովուրդը, եւ նորանց ձայնը լսվում էր, եւ նորանց աղօթքը հասաւ երկինքը Նորա սուրբ բնակարանը»: Համար 27: Աստված ընդունել էր նրանց, ովքեր կոտրված սրտով խոստովանել էին իրենց մեղքերը և վճռականորեն շրջվել դեպի Նա’ ներման և օգնության համար:ՄԹ 250.1

    Հիմա արդեն կարևոր գործ կար անելու, որտեղ պետք է գործուն մասնակցություն ունենային տուն վերադարձողները, և այս գործի իրականացումը կրում էր կատարված բարենորոգումների իսկության վկայության կնիքը: Աստվածաշունչն ասում է. «Դուրս եկան այնտեղ գտնուող բոլոր իսրայէլացիները դէպի Յուդայի քաղաքները, եւ կոտրատեցին արձանները, եւ Աստարովթները կտորեցին, եւ քանդեցին բարձրաւանդակները եւ սեղանները բոլոր Յուդայից, Բենիամինից, Եփրեմից ու Մանասէից մինչեւ որ վերջացրին: Եւ Իսրայէլի բոլոր որդիքը ետ դառան ամեն մէկն իր կալուածքը իրանց քաղաքները»: Բ Մնացորդաց 31.1:ՄԹ 250.2

    Եզեկիան և նրա ընկերներն իրականացրին թագավորության’ հոգևոր և ժամանակավոր երկրային շահերի ամրապնդմանն ուղղված տարբեր բարեփոխումներ: Թագավորը «բոլոր Յուդայումը» «իր Տէր Աստուծոյ առաջին բարի, ուղիղ եւ ճշմարիտ [338] եղածն արաւ: Եւ իր ամեն գործքումը, որ սկսեց, ... իր բոլոր սրտովն արաւ եւ յաջողուեց»: «Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց, ... նորա ետեւիցը չհեռացաւ, եւ պահեց նո-րա պատուէրները, որ պատուիրել էր Տէրը Մովսէսին: Եւ Տէրը նորա հետ էր, եւ ... յաջողվում էր»: Համարներ 20, 21, Դ Թագավորաց 18.5-7: ՄԹ 250.3

    Եզեկիայի կառավարումը բնութագրվեց մի շարք նշանակալի նախախանամություններով, որոնք շրջակա ազգերին բացահայտեցին, որ Իսրայելի Աստվածն Իր ժողովրդի հետ է: Սամարիան գրավելու և տասը ցեղերի վշտաբեկ մնացորդին ազգերի մեջ ցիրուցան անելու ասորացիների հաջողությունը նրա թագավորության վաղ շրջանում շատերին դրդեց թերահավատորեն վերաբերվելու եբրայեցիների Աստծո ուժին: Հաջողություններից ոգևորված նինվեացիները վաղուց արդեն մոռացել էին Հովնանի պատգամը և հանդուգն կերպով հակա-ռակվում էին երկնքի պահանջներին: Սամարիայի անկումից մի քանի տարի անց հաղթական զորքերը նորից հայտնվեցին Պաղեստինում, այս անգամ իրենց ուժերն ուղղելով դեպի Հուդայի պարսպավոր քաղաքները’ տանելով որոշ հաղթանակներ, սակայն նրանք միառժամանակ հետ քաշվեցին’ իրենց թագավորության այլ մասերում ծագած դժվարությունների պատճառով: Միայն մի քանի տարի անց, Եզեկիայի կառավարման ավարտին նրանք նորից հայտնվեցին, որպեսզի աշ-խարհի ազգերին ցույց տան’ իսկապե՞ս հեթանոս աստվածները ան-պարտելի են: [339]ՄԹ 250.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents