Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 4 - ՈՒՐԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

    *****

    Պատճառը, որ Սողոմոնին հասցրեց շռայլության և վհատության այն էր, որ նա չկարողացավ պահպանել և զարգացնել անձնազոհության հոգին:ՄԹ 43.1

    Երբ Սինա սարի ստորոտին Մովսեսը ժողովրդին ասաց աստվածային հրամանի մասին, թե. «Եւ ինձ համար մի սրբարան շինեն’ որ իրանց մէջ բնակուեմ», իսրայելացիների արձագանքն ուղեկցվեց համապատասխան նվերներով: «Եւ ամեն յօժարասիրտ եղողը եւ ամեն բոլոր հոգով կամեցողը եկան» և ընծաներ բերեցին: Ելից 25.8, 35.21: Սրբարանի շինարարության նպատակով պետք է իրականացվեին մեծ և լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, պահանջվում էին մեծաքանակ թանկ և արժեքավոր շինարարական նյութեր, բայց Աստված ընդունում էր միայն հոժարակամ ընծաները: «Ամեն մարդից որ սիրտը յօժար է, առէք իմ ընծան». այս էր հրամանը, որը կրկնում էր Մովսեսը ժողովքին: Ելից 25.2: [61] Բարձրյալի համար բնակվելու տեղ պատրաստելու առաջին անհրաժեշտ պայմաններն էին’ նվիրվածություն Աստծուն և զոհաբերության հոգի:ՄԹ 43.2

    Անձնազոհության նմանատիպ կոչ արվեց, երբ Դավիթը տաճարի կառուցման պատասխանատվությունը հանձնեց Սողոմոնին: Հավաքված բազմությանը Դավիթը դիմեց հետևյալ հարցով. «Եւ էլ ո՞վ է յօժար այսօր Տիրոջը նուէր մատուցանելու»: Ա Մնացորդաց 29.5: Նվիրաբերման և կամավոր ծառայության այս կոչը մշտապես պետք է հիշեին նրանք, ովքեր պետք է իրականացնեին տաճարի շինարարությունը:ՄԹ 43.3

    Սրբարանի կառուցման նպատակով Աստված ընտրեց մարդիկ, ում նաև օժտեց առանձնահատուկ հմտությամբ ու իմաստությամբ: «Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի որդիներին. Տեսէք, Եհովան ...Բեսելիէլին կանչեց Յուդայի ցեղիցը’ անունովը: Եւ լցրեց նորան Աստուծոյ Հոգովը’ իմաստութիւնով’ հանճարով’ եւ գիտութիւնով’ եւ ամեն կերպ ճարտարութիւնով... Եւ նորա սրտի մէջ դրաւ որ սովորեցնէ էլ, նորա էլ’ եւ Դանի ցեղիցն ...Ոողիաբին էլ: Սրտի իմաստութիւնով լցրեց նորանց, որ ամեն տեսակ գործ գործող եւ հնարքներ հնարող քանդակագործի եւ արուեստաւորի գործը’ ...բարակ քթանի վերայ նկարագործողի եւ ոստայնանկի գործն անեն»: «Եւ արին Բեսելիէլը ու Ոողիաբը եւ ամեն սրտով իմաստուն եղողը’ որոնց Եհովան իմաստութիւն եւ հանճար տուաւ»: Ելից 35.30-35, 36.1: Երկնային միտքը համագործակցում էր գործավորների հետ, ում հենց Ինքը’ Աստված էր ընտրել:ՄԹ 44.1

    Այս մարդկանց սերունդները մեծապես ժառանգեցին իրենց նախահայրերին շնորհված տաղանդները: Երկար ժամանակ Հուդայից և Դանից եկած այս մարդիկ մնում էին խոնարհ ու անշահախնդիր, բայց աստիճանաբար, գրեթե աննկատ, նրանք կորցրին կապն Աստծո հետ’ կորցնելով նաև Նրան անշահախնդիր ծառայելու ցանկությունը: Իրենց ծառայությունների դիմաց նրանք [62] պահանջում էին ավելի բարձր վճարներ’ որպես գերազանց հմտություններով օժտված գործավորներ’ գեղեցիկ արվեստների ոլորտում: Նրանց պահանջը որոշ չափով բավարարվեց, բայց ավելի հաճախ նրանք աշխատանք էին գտնում շրջակա ազգերի մոտ: Անձնազոհության ազնիվ հոգու փոխարեն, որով լցված էին նրանց հռչակավոր նախնիների սրտերը, նրանք տրվեցին ագահության, ընչաքաղցության հոգուն: Իրենց եսասիրական ցանկությունների բավարարման նպատակով նրանք իրենց աստվածատուր հմտությունները ծառայեցնում էին հեթանոս թագավորներին և իրենց տաղանդները’ այն աշխատանքները կատարելագործելուն, որոնք անպատվություն էին իրենց Արարչի համար:ՄԹ 44.2

    Այս մարդկանց միջից էր, որ Սողոմոնը գտավ վարպետ արհեստավոր’ Մորիա սարի վրա տաճարի շինարարությունը ղեկավարելու համար: Սուրբ կառույցի բոլոր բաժիններին վերաբերող մանրամասն գրառումները վստահված էին թագավորին, և նա կարող էր հավատով դիմել Աստծուն’ նվիրյալ օգնականների խնդրանքով, ում կարող էին վստահել, որ ճշգրտորեն կիրականացնի առանձնահատուկ հմտություններ պահանջվող գործերը: Սակայն Սողոմոնը կորցրեց Աստծո նկատմամբ նման հավատ ցուցաբերելու հնարավորությունը: Նա Տյուրոսի թագավորին դիմեց այնպիսի մարդու խնդրանքով, ով «իմաստուն է ...որ գործէ ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով, ծիրանեգոյնով եւ կարմիր ու կապուտակով, եւ իմանայ քանդակներ քանդակել այն իմաստունների հետ, որոնք Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում են»: Բ Մնացորդաց 2.7:ՄԹ 44.3

    Փյունիկիայի թագավորն արձագանքեց խնդրանքին’ ուղարկելով Քիրամ-Աբիին, ով «Դանի աղջիկներից եղող մի կնկայ տղայ էր, եւ նորա հայրը մի Տիւրացի էր»: Համար 14: Մոր կողմից Քիրամը Ողիաբի հետնորդն էր, ում հարյուրավոր տարիներ առաջ Աստված առանձ-նահատուկ իմաստություն էր շնորհել սրբարանի կառուցման համար: Այսպիսով, Սողոմոնի գործավորների ղեկավարությունը [63] հանձնվել էր մի մարդու, ում ջանքերը զերծ չէին Աստծուն ծառայություն մատուցելու ոչ եսասիրական ցանկությունից: Նա ծառայում էր այս աշխարհի աստծուն’ մամոնային: Նրա էության ամեն մի հյուսվածքը պարուրված էր եսասիրության սկզբունքներով:ՄԹ 45.1

    Իր արտասովոր հմտության դիմաց Քիրամը մեծ վարձատրություն էր պահանջում: Նրա գործընկերներն սկսեցին աստիճանաբար ընդունել նրա փայփայած չար սկզբունքները: Օր օրի, աշխատելով նրա հետ, սկսեցին համեմատել նրա աշխատավարձն իրենց աշխատավարձի հետ և տեսադաշտից կորցրին իրենց գործի սուրբ բնույթը: Ինքնուրացման հոգին լքեց նրանց’ տեղը զիջելով ագահության հոգուն: Արդյունքը եղավ ավելի բարձր վճարների պահանջը, քան տրվում էր նրանց: Գործի դրված կործանարար ազդեցությունները թափանցեցին Տիրոջ ծառայության բոլոր բնագավառները և տարածվեցին համայն թագավորությունով մեկ: Մեծ վճարներ պահանջելը և ստանալը շատերին հնարավորություն ընձեռեց’ տրվելու շքեղության և շռայլության: ՄԹ 45.2

    Աղքատները կեղեքվում էին հարուստների կողմից, անձնազոհության հոգին գրեթե չքացել էր: Այս ազդեցությունների հեռահար արդյունքում կարելի էր տեսնել այն մեկի սոսկալի ուրացության հիմնական պատճառներից մեկը, ով մի ժամանակ ամենաիմաստուն մարդկանցից էր: Սրբարանի և Սողոմոնի տաճարի կառուցման մեջ ներգրավված մարդկանց հոգու և դրդապատճառների միջև սուր հակադրությունը կարևոր նշանակության դաս է պարունակում: Տաճարի կառուցումն իրականացնող գործավորներին բնորոշ շահամոլությունն այսօր դրսևորվում է աշխարհը կառավարող եսասիրության մեջ: Ագահության, բարձր պաշտոններ և մեծ գումարներ ձեռք բերելու հոգին հաճախադեպ երևույթ է: [64] Սրբարանը կառուցողների կամավոր ծառայությունը և ուրախ ինքնուրացությունը հազվադեպ են հանդիպում: Սակայն սա է միակ հոգին, որ պետք է դրդի Հիսուսի հետևորդներին: Մեր աստվածային Տերը օրինակ է տվել, թե ինչպես պետք է աշխատեն Իր աշակերտները: Նրանց, ում Նա հորդորում էր. «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ» (Մատթեոս 4.19), չէր առաջարկվում սահմանված գումար’ որպես պարգև ծառայության դիմաց: Նրա հետ միասին նրանք դրսևորում էին ինքնամերժում և զոհաբերություն:ՄԹ 45.3

    Մեր ստացած գումարի համար չէ, որ պետք է աշխատենք: Աստծո համար աշխատելու մեր դրդապատճառը չպետք է որևէ առնչություն ունենա ինքնագոհացման հետ: Անշահախնդիր նվիրվածությունը և զոհաբերության հոգին միշտ եղել և մնում են ընդունելի ծառայության առաջին անհրաժեշտ նախապայմանները: Մեր Տերը և Վարպետը նախագծում է այնպես, որ Իր ստեղծագործության մեջ եսասիրության ոչ մի թելով հյուսվածք չլինի: Մեր ջանքերին պետք է հատուկ լինեն նրբազգացությունն ու վարպետությունը, ճշտապահությունն ու իմաս-տությունը. սա էր պահանջում կատարելության Աստվածը երկրային սրբարանը կառուցողներից: Այնուհանդերձ, մեր բոլոր գործերում մենք պետք է հիշենք’ ամենամեծ տաղանդները կամ ամենահրաշալի ծա-ռայություններն ընդունելի են միայն, երբ ես-ը դրվում է զոհասեղանի վրա’ որպես կենդանի, ամենակուլ զոհաբերություն:ՄԹ 46.1

    Ճշմարիտ սկզբունքներից մեկ այլ շեղում վերջնականապես հանգեցրեց Իսրայելի թագավորի անկմանը: Նա տեղի տվեց գայթակղությանը’ իրեն վերագրելով այն փառքը, որը միայն Աստծունն է:ՄԹ 46.2

    Տաճարի կառուցման գործը Սողոմոնին վստահվելու օրից մինչև դրա ավարտը նրա ազդարարած նպատակն էր, «որ Իսրայէլի Տէր Աստուծոյ անուան համար տուն շինէ»: Բ Մնացորդաց 6.7: Տաճարի նվիրաբերման ժամանակ այս նպատակը լիովին հավանության արժանացավ հավաքված իսրայելացիների կողմից: [65] Թագավորն իր աղոթքում հաստատեց, որ Եհովան ասել է, թե. «Իմ անունը այնտեղ պիտի լինի»: Գ Թագավորաց 8.29:ՄԹ 46.3

    Սողոմոնի’ նվիրաբերման աղոթքի ամենահուզիչ մասերից մեկն Աստծուն ուղղված նրա հայտարարությունն էր օտարականների մասին, ովքեր, հնարավոր է, գան հեռավոր երկրներից’ Նրա մասին ավելին իմանալու նպատակով, որովհետև Նրա փառքը տարածվել էր երկրի սահմաններից դուրս, այլ ազգերի շրջանում: «Որովհետեւ լսելու են քո մեծ անունը,ազդարարեց թագավորը,եւ քո հզօր ձեռքը եւ երկայնացրած բազուկը»: Բոլոր օտարազգի երկրպագողների անունից Սողոմոնը խնդրում էր. «...դու լսիր... եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէս զի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, որ քեզանից վախենան քո Իսրայէլի ժողովրդի պէս, որ իմանան քո անունը կանչուել է այս տան վերայ որ ես շինեցի»: Համարներ 42, 43: ՄԹ 47.1

    Ծառայության ավարտին Սողոմոնը հորդորեց Իսրայելի ժողովրդին’ հավատարիմ ու նվիրված լինել Աստծուն, որպեսզի «երկրի բոլոր ազգերը իմանան որ Եհովան է Աստուած և ուրիշը չկայ»: Համար 60: Սողոմոնից ավելի Մեծն էր տաճարի նախագծողը. Աստծո իմաստությունն ու փառքը երևաց բոլոր հավաքվածներին: Նրանք, ովքեր անտեղյակ էին այս փաստին, բնականաբար, հիացած էին և գովաբանում էին Սողոմոնին’ որպես ճարտարապետ և կառուցող, սակայն թագավորը մերժեց տաճարի մտահղացման և կառուցման համար իրեն տրվող ամեն պատիվ:ՄԹ 47.2

    Սաբայի թագուհին այցելության եկավ Սողոմոնին: Լսելով նրա իմաստության մասին և թե ինչպիսի հոյակապ տաճար է կառուցել’ նա նպատակադրվել էր «նորան խրթին հարցմունքներով փորձէ» և իր աչքով տեսնել նրա հայտնի գործերը: Ծառաների շքախմբով և «խունկեր եւ խիստ շատ ոսկի եւ պատուական քարեր բեռնած» ուղտերով’ [66] նա երկար ճանապարհ էր կտրել, հասել Երուսաղեմ: «.եւ գնաց Սողոմոնի մօտ եւ խօսեց նորա հետ իր սրտումը եղած բոլոր բաները»: Նա խոսեց Սողոմոնի հետ բնության գաղտնիքների մասին, և Սողոմոնը սովորեցրեց նրան բնության Աստծո, մեծ Արարչի մասին, Ով ապրում է բարձր երկնքում և կառավարում ամենի վրա: « Եւ Սողոմոնը մեկնեց նորա համար նորա ամեն խօսքերը. Եւ Սողոմոնի համար մէկ գաղտնի բան չկար, որ նա չմեկնէր նորա համար»: Գ Թագավորաց 10.1-3, Բ Մնացորդաց 9.1, 2:ՄԹ 47.3

    «Եւ Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի բոլոր իմաստութիւնը եւ նորա շինած տունը. ...Եւ էլ ուշ չմնաց նորանում»: «Ճշմարիտ է եղել այն խօսքը,-ասաց նա,որ լսել եմ իմ երկրումը քո խօսքերի եւ քո իմաստութեան համար: Եւ ես չէի հաւատում այն խօսքերին մինչեւ որ եկայ եւ իմ աչքերը տեսան, եւ ահա ինձ կէսը չեն պատմել. Դու իմ լսած համբաւիցը աւելի իմաստութիւն եւ բարիք ունես: Երանի քո այս մարդկանցը, քո այս ծառաներին, որ միշտ քո առաջին կանգնած են, եւ լսում են քո իմաստութիւնը»: Գ Թագավորաց 10.4-8, Բ Մնացորդաց 9.3-7: ՄԹ 48.1

    Մինչև թագուհու այցի վերջին օրն ունեցած զրույցների ընթացքում Սողոմոնը նրան հիմնավորապես ներկայացրեց, թե որն էր իր իմաստության և բարգավաճման աղբյուրը, և վերջինս հարկադրված էր գովաբանել ոչ թե մարդկային ներկայացուցչին, այլ բացականչել. «Քո Եհովայ Աստուածը օրհնեալ լինի, որ քեզ հաւանեց’ քեզ Իսրայէլի աթոռի վերայ դնելու. Եհովան Իսրայէլին յաւիտեան սիրելով քեզ թագաւոր է դրել որ իրաւունք եւ արդարութիւն անես»: Գ Թագավորաց 10.9. Աստված նախատեսել էր այսպիսի տպավորություն թողնել բոլոր մարդկանց վրա: Եվ երբ «երկրի բոլոր թագաւորները փափաքում էին Սողոմոնի երեսին, որ լսեն նորա այն իմաստութիւնը որ տուել էր նորա սրտին» [67] (Բ Մնացորդաց 9.23), Սողոմոնը որոշ ժամանակ պատվում էր Աստծուն’ ակնածանքով նրանց մատնացույց անելով երկնքի և երկրի Արարչին, տիեզերքի Տիրոջը, Ամենագետին:ՄԹ 48.2

    Եթե Սողոմոնը շարունակեր հնազանդ հոգով մարդկանց ուշադրու-թյունն իրենից դարձնել դեպի այն Մեկը, Ով նրան օժտել էր իմաստու-թյամբ, հարստությամբ և փառքով, ինչպիսի՜ պատմություն կունենար նա: Սակայն թեև ոգեշնչման գրիչը գրի է առել նրա առաքինությունները, այն բարեխղճորեն վկայում է նաև նրա անկման մասին: Փառահեղության գագաթնակետին և շրջապատված հարստությամբ’ Սողոմոնի գլուխը պտտվեց, նա կորցրեց հավասարակշռությունը և անկում ապրեց: Անընդհատ փառաբանվելով աշխարհի մարդկանց կողմից’ ի վերջո, նա չկարողացավ ընդդիմանալ իրեն ուղղված շողոքորթությանը: Այն իմաստությունը, որն իրեն վստահվել էր Շնորհողին փառավորելու համար, հպարտությամբ լցրեց նրան: Ի վերջո, նա թույլ տվեց, որ մարդիկ խոսեն իր մասին որպես մեկի, ով ամենաշատն էր արժանի գովաբանության այն շինության անզուգական շքեղության համար, որը գծագրվել և կառուցվել էր’ ի պատիվ «Իսրայէլի Տէր Աստուծոյ անուան»:ՄԹ 48.3

    Այսպիսով, Եհովայի տաճարը բոլոր ազգերի մեջ հայտնի դարձավ որպես «Սողոմոնի տաճար»: Մարդկային ցեղի ներկայացուցիչն իրեն վերագրեց այն փառքը, որը պատկանում էր Նրան, Ով «բարձրիցը մէկ աւելի բարձրն» էր: Ժողովող 5.8: Այն տաճարը, որի մասին Սողոմոնը հայտարարում է, թե. «Քո անունը կանչուել է այս տան վերայ, որ ես շինեցի» (Բ Մնացորդաց 6.33), մինչ օրս էլ ավելի հաճախ անվանվում է ոչ թե Եհովայի, այլ «Սողոմոնի տաճար»:ՄԹ 49.1

    Մարդը չի կարող ցուցաբերել ավելի մեծ թուլություն, քան թույլ տալ այլոց’ իրեն վերագրելու աստվածատուր շնորհների պատիվը: Իսկական քրիստոնյան ամեն ինչում Աստծուն է դնում առաջին, [68] վերջին և ամենալավ տեղում: Ոչ մի փառասիրական դրդապատճառ չի կարող ընկճել նրա սերն Աստծո հանդեպ. նա անշեղորեն, համբերատար կերպով նպաստում է իր երկնային Հորը պատիվ բերելուն: Երբ մենք հավատարմորեն մեծարում ենք Աստծո անունը, մեր ներքին մղումները հայտնվում են աստվածային ղեկավարման ներքո, և մենք հնարավորություն ենք ստանում զարգացնել մեր հոգևոր և մտավոր կարողությունները:ՄԹ 49.2

    Հիսուսը’ աստվածային Վարպետը, միշտ մեծարել է Իր երկնային Հոր անունը: Նա Իր աշակերտներին սովորեցնում էր աղոթել այսպես. «Մեր Հայր, որ երկնքումն ես. Սուրբ լինի քո անունը»: Մատթեոս 6.9: Եվ նրանք չպետք է մոռանային խոստովանել, որ «քոնն է... փառքը»: Համար 13: Մեծ Բժիշկն այնպիսի զգուշությամբ էր ուշադրությունն Իրենից ուղղում դեպի Իր ուժի Աղբյուրը, որ հետաքրքրասեր բազմությունը, «տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս», Նրան չփառավորեցին, այլ «փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն»: Մաթևոս 15.31: Իր խաչելությունից անմիջնապես առաջ Քրիստոսն Իր հրաշալի աղոթքում ազդարարեց. «Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ»: Եվ Նա աղերսեց. «Փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ»: «Արդար Հայր, աշխարհքը չ’ճանաչեց քեզ. բայց ես ճանաչեցի քեզ, եւ սորանք ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ: Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ’ճանաչեցնեմ. Որ այն սէրն, որով ինձ սիրեցիր’ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում»: Հովհաննես 17.4, 1, 25, 26:ՄԹ 49.3

    «Այսպէս է ասում Տէրը. Իմաստունը իր իմաստութիւնովը չպարծենայ, եւ զօրաւորը իր զօրութիւնովը չպարծենայ, հարուստը իր հարստութիւնովը չպարծենայ. Այլ սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, [69] որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում, ասում է Տէրը»: Երեմիա 9.23, 24:ՄԹ 49.4

    «Ես կգովեմ Աստուծոյ անունը...
    Եւ կփառաբանեմ նորան գովաբանութիւնով»:
    «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը»:
    «Կգոհանամ քեզանից, տէր’ իմ Աստուած, բոլոր սրտով.
    Եւ յաւիտեան կփառաւորեմ քո անունը»:
    «Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը»:
    ՄԹ 50.1

    Սաղմոս 69.30, Հայտնություն 4.11, Սաղմոս 86.12, 34.3:

    Այն սկզբունքների դրսևորումը, որ հեռացնում էր զոհաբերության հոգուց և հակում դեպի ինքնափառաբանումը, ուղեկցվում էր Իսրայելի համար նախանշված աստվածային ծրագրի է’լ ավելի մեծ այլասերմամբ: Աստված նախասահմանել էր, որ Իր ժողովուրդը լինի աշխարհի լույսը: Նրանցից պետք է ճառագեր Նրա օրենքի փառքը, որը պետք է բացահայտվեր նրանց կյանքում: Այս ծրագիրն իրագործելու նպատակով Նա ընտրված ազգին առաջնորդեց ռազմավարական դիրք գրավելու երկրի ազգերի մեջ:ՄԹ 50.2

    Սողոմոնի գահակալության օրերին Իսրայելի թագավորությունը տարածվեց հյուսիսում’ Եմաթից մինչև Եգիպտոս’ հարավում և Մի-ջերկրական ծովից մինչև Եփրատ գետը: Այս տարածքն էին հատում աշխարհի շատ բնական առևտրային ճանապարհներ, և հեռավոր երկրներից քարավանները մշտապես գնում-գալիս էին այդ տեղերով: Այդպիսով, Սողոմոնին և նրա ժողովրդին հնարավորություն էր տրվել բոլոր ազգերի մարդկանց համար բացահայտել թագավորների Թագավորի բնավորությունը և սովորեցնել նրանց երկյուղել Նրանից և հնազանդվել Նրան: Այս գիտությունը պետք է հասցվեր [70] համայն աշխարհին: Զոհաբերությունների ուսմունքի միջոցով Քրիստոսը պետք է մեծարվեր ազգերի առաջ, որպեսզի նրանք, այդպես վարվելով, կարողանային ապրել:ՄԹ 50.3

    Կարգվելով ազգի առաջնորդ’ ում տրված էր լինելու շրջակա ազգերի փարոսը, Սողոմոնը պետք է օգտագործեր իր աստվածատուր իմաստությունն ու ազդեցության ուժը, որպեսզի կազմակերպի և ուղղորդի այն մարդկանց լուսավորման մեծ շարժումը, ովքեր անտեղյակ էին Աստծուց և Նրա ճշմարտությունից: Այս կերպ շատերը պետք է մղվեին’ նվիրվելու աստվածային պատվիրաններին, և Իսրայելը կկարողանար հեռու մնալ այն չարություններից, որոնք կիրառվում էին հեթանոսների կողմից, և փառքի Աստվածը մեծ պատվի կարժանանար: Սակայն Սողոմոնը տեսադաշտից կորցրեց այս վեհ նպատակը: Նա չկարողացավ զարգացնել մարդկանց լուսավորելու հրաշալի հնարավորությունները, ովքեր պարբերաբար հատում էին իր երկրի տարածքը կամ կանգ առնում գլխավոր քաղաքներում:ՄԹ 51.1

    Ավետարանչության հոգին, որ դրվել էր Աստծո կողմից’ Սողոմոնի և բոլոր հավատարիմ իսրայելացիների սրտերում, դուրս մղվեց’ իր տեղը զիջելով չարչիական հոգուն: Բազմաթիվ ազգերի հետ շփման միջոցով ձեռք բերված հնարավորություններն օգտագործվեցին անձնական ինքնամեծարման համար: Սողոմոնը ձգտում էր քաղաքական ամուր դիրք գրավել’ կառուցելով ամրակուռ քաղաքներ առևտրական ճամփաբաժաններին: Նա վերակառուցեց Հոպպեի մոտ գտնվող Գազերը, որն ընկած էր Եգիպտոսի և Ասորեստանի միջև ձգվող ճանապարհի վրա, ապա Երուսաղեմից դեպի արևմուտք ընկած Բեթորոնը, որն իշխում էր մայրուղու անցուդարձի վրա’ դուրս գալով Հուդայի սրտից և ձգվելով դեպի Գազեր և ծովափերը, Մակեդդովը, որը գտնվում էր Երուսաղեմից դեպի հյուսիս’ Դամասկոսից Եգիպտոս տանող քարավանների ճանապարհի վրա, արևելքում’ այդ ճանապարհի վրա կառուցելով «անապատի միջի Թադմօրը» (Բ Մնացորդաց 8.4): Այս բոլոր քաղաքները հզորագույնս ամրացվեցին: [71] Կարմիր ծովի հրվանդանի ելքի ընձեռած առևտրական հնարավորություններն ամրապնդվեցին, երբ կառուցեցին «նաւեր ...Եդովմի երկրում Կարմիր ծովի եզերքին Ելաթի մօտ եղող Գասիոնգաբերում»: «Սողոմոնի ծառաների հետ» Տյուրոսից արհեստավարժ ծովագնացներ այս նավերով գնացին դեպի «Ոփիր, եւ այնտեղից ...վեր առան...ոսկի եւ բերին Սողոմոն թագաւորի մօտ» և «խիստ շատ ալմուգ փայտեր էլ բերին, եւ պատուական քարեր էլ»: Համար 18, Գ Թագավորաց 9.26, 28, 10.11:ՄԹ 51.2

    Թագավորի և նրա ենթականերից շատերի եկամուտները մեծապես աճեցին, բայց ի՜նչ գնով: Նրանց ընչաքաղցության և կարճատեսության պատճառով, ում վստահվել էին Աստծո մարգարեությունները, այն հոծ բազմությունը, որ հավաքվում, [72] կուտակվում էր երթևեկի գլխավոր ճանապարհներին, անտեղյակ էր Եհովայից:ՄԹ 51.3

    Ցնցող հակադրություն կա Քրիստոսի երկրային կյանքի ընթացքի և Սողոմոնի հետապնդած ընթացքի միջև: Ունենալով «ամեն իշխանութիւն»‘ Փրկիչը երբեք չէր օգտագործում այն ինքնամեծարման նպատակով: Երկրային նվաճումների, համաշխարհային հզորության ոչ մի երազանք չխաթարեց Նրա ծառայության կատարելությունը: «Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները’ բոյներ,ասում էր Նա,Բայց մարդի Որդին տեղ չ’ունի որ իր գլուխը դնէ»: Մատթեոս 8.20: Նրանք, ովքեր, ի պատասխան ժամի կանչին, մտել են վարպետ Աշխատավորի ծառայության մեջ, կարող են լավ ուսումնասիրել Նրա մեթոդները: Նա օգտագործում էր ամեն հնարավորություն, որպեսզի հայտնվի ճանապարհորդության մեծ անցուղիներին:ՄԹ 52.1

    Իր ճանապարհորդությունների դադարների ընթացքում Հիսուսը բնակություն էր հաստատում Կափառնայում քաղաքում, որը հայտնի էր որպես «իր քաղաքը»: Մատթեոս 9.1: Դամասկոսից Երուսաղեմ և Եգիպտոսից Միջերկրական տանող ճանապարհին գտնվող այս քաղաքը լավ հարմարեցված էր’ լինելու Փրկչի աշխատանքի կենտրոնը: Մարդիկ շատ երկրներից անցնում էին այդ քաղաքով կամ կանգ առնում այնտեղ’ հանգստանալու: Այնտեղ Հիսուսը հանդիպում էր բոլոր ազգերի և դասակարգերի մարդկանց, և այսպիսով, Նրա դասերը հասնում էին այլ երկրներում ապրող շատ ընտանիքների: Այս կերպ հետաքրքրություն էր առաջանում այն մարգարեությունների նկատմամբ, որոնք մատնացույց էին անում Մեսիային, ուշադրությունն ուղղվում էր դեպի Փրկիչը, և Նրա առաքելությունը հայտնվում էր աշխարհին:ՄԹ 52.2

    Մեր օրերում բոլոր դասակարգերի և ազգությունների տղամարդկանց և կանանց հետ շփվելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Իսրայելի օրերին: Երթևեկության գլխավոր ճանապարհները բազմապատկվել են: [73]ՄԹ 52.3

    Ինչպես Քրիստոսը, այնպես էլ այսօր Բարձրյալի լրաբերները պետք է դիրք գրավեն մեծ ճանապարհներին, որտեղ նրանք կարող են հանդիպել աշխարհի բոլոր կողմերից անցուդարձ անող բազմությանը: Ինչպես Նա էր ես-ը հանձնել Աստծուն, նրանք էլ պետք է ցանեն Ավետարանի սերմերը’ այլոց ներկայացնելով Սուրբ Գրքի թանկագին ճշմարտությունները, որոնք խոր արմատներ կգցեն նրանց մտքի և սրտի մեջ և ծլարձակելով’ կփոխարկվեն հավիտենական կյանքի:ՄԹ 52.4

    Իսրայելի ձախողումն այն տարիներին, երբ կառավարիչն ու ժողովուրդը երես թեքեցին այն վեհ նպատակից, որն իրագործելու համար կանչվել, շատ կարևոր դաս է պարունակում: Ինչ բանում որ նրանք թույլ էին, անգամ ձախողման աստիճանի, Աստծո այսօրվա Իսրայելը’ երկնքի ներկայացուցիչները’ նրանք, ովքեր կազմում են Աստծո ճշմարիտ եկեղեցին, պետք է լինեն ուժեղ, քանի որ նրանց է հանձնված աշխատանքն ավարտելու, ինչպես նաև մարդկանց դեպի վերջնական պարգևի օրն առաջնորդելու գործը: Այնուհանդերձ, այն նույն ազդեցությունները, որոնք Սողոմոնի կառավարման տարիներին գործում էին ընդդեմ Իսրայելի, դեռևս հանդիպելու են: Բոլոր արդարների դեմ գործող թշնամի ուժերը դարանամուտ են, և միայն Աստծո ուժով կարելի է հաղթանակ ձեռք բերել: Առջևում սպասվող հակամարտությունն անձնազոհության, ես-ին չվստահելու և միայն Աստծուց կախվածության, հոգիների փրկության ամեն մի հնարավորություն իմաստուն կերպով օգտագործելու կոչ է անում մեզ: Տիրոջ օրհնությունը կայցելի Իր եկեղեցուն, երբ նրա անդամները միաբան առաջ ընթանան’ մեղսավոր խավարում գտնվող աշխարհին բացահայտելով սրբության գեղեցկությունը, ինչպես այն դրսևորվեց քրիստոսակերպար անձնազոհության հոգում, աստվածային, այլ ոչ մարդկային մեծարման, ինչպես նաև Ավետարանի օրհնություններին տենչացող մարդկանց սիրառատ ու անխոջ ծառայության մեջ: [74] ՄԹ 53.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents